Skip to content Skip to sidebar Skip to footer
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Պետական իշխանությունն Աստծուց կարգված հաստատություն է, որի գոյությունն անհրաժեշտություն է` հասարակական անվտագությունը, կարգ ու կանոնը և օրինականությունը պահպանելու, հանցավորությունը կանխելու և կասեցնելու, մարդկանց կյանքի և ունեցվածքի անձեռնմխելիությունը երաշխավորելու, արտաքին թշնամիներից քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու համար, որոնց իրագործման համար պետք է ունենա համապատասխան միջոցներ (Հռոմ. 13.1-4) :

Պետական իշխանության խնդիրն է պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները` անկախ նրա կրոնական հավատամքից, քաղաքական կամ այլ հայացքներից: Մարդու իրավունքներն ու ազատությունները` կյանքի իրավունք, խոսքի, մամուլի, ժողովների ազատություն, մասնավոր կյանքի և բնակարանի անձեռնմխելիություն, սեփականության իրավունք, ընտանեկան իրավունքներ, օրենքի և դատարանի առջև հավասարություն, խղճի և դավանանքի ազատություն և այլն, պետք է երաշխավորվեն ու պաշտպանվեն պետության կողմից:

Հասարակությունում կարգ ու կանոն պահպանելու նպատակով պետական իշխանությունը կատարում է հետևյալ գործառույթները.

  1. պաշտպանում է անձի իրավունքներն ու ազատությունները,
  2. հոգ է տանում համընդհանուր բարօրության համար,
  3. իրագործում է արդարություն (Հռոմ 13.1),
  4. սատարում է օրինապահ քաղաքացիներին (Հռոմ. 13.3),
  5. պատժում է հանցագործներին (Հռոմ. 13.2-4),
  6. պաշտպանում է քաղաքացիներին ներքին և արտաքին թշնամիներից (Հռոմ. 13.4),
  7. հավաքագրում է հարկեր և մաքսեր (Հռոմ. 13.6): Հարկերի և մաքսերի հավաքագրումը պետք է դիտարկել որպես օրենքով սահմանված անհրաժեշտություն` երկրի տնտեսական բարգավաճման, սոցիալական հիմնահարցերի լուծման և պաշտպանունակության ապահովման համար:
ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Ամեն մարդ իր վրա եղած իշխանություններին թող հնազանդվի…» (Հռոմ. 13.1):

Քրիստոնյան, ինչպես նաև հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է հնազանդ լինի իշխանություններին և ապրի իր երկրի օրենքների համաձայն: Քաղաքացիների պարտքն է պետական իշխանություններին հնազանդությունը և նրա կողմից ընդունած օրենքների հարգումը, եթե միայն դրանք ուղղված չեն խղճի և դավանանքի ազատության սահմանափակմանը և չեն դրդում հավատացյալներին գործելու քրիստոնեական բարոյականությանը հակասող արարքներ (Գործք 4.19, 5.29): Պողոս առաքյալը նշում է, որ Հիսուս Քրիստոսին հավատացողները պետք է հնազանդ լինեն պետությանը և չչարախոսեն կառավարությանը (Տիտ. 3.1):

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համոզմունքը, որ պետությունն Աստծո կողմից հաստատված համակարգ է, բնավ չի նշանակում, որ պետական համակարգի առանձին պաշտոնյան` անկախ նրա աստիճանից, կարող է վարվել իր հայեցողությամբ` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը: Պետական ծառայողը չի կարող օգտագործել իր դիրքը հասարակության շահերին ի վնաս կամ չկատարել իր ստանձնած գործառույթները: Պետական պաշտոնյան, երբ բարեխղճորեն կատարում է օրենքով սահմանված պարտականությունները, դառնում է նաև Աստծո ծառան (Հռոմ. 13.4): Պարտականությունները պարտաճանաչ կատարելու համար պարտադիր չէ, որ պետական ծառայողը լինի քրիստոնյա:

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Այն պարագաներում, երբ պետությունը, ի հակադրություն իր համար կանխորոշված գործունեության դաշտի, ընդունում է օրենքներ, որոնք արգելում են ազատ պաշտամունքները, եկեղեցական արարողությունները, Ավետարանի քարոզությունը կամ ստիպում են հավատացյալներին կատարել Աստծո կամքին և քրիստոնեական բարոյականությանը հակասող քայլեր, սույն Միությունը իրեն և իր անդամներին իրավունք է վերապահում վարվել սեփական խղճմտանքի և ավետարանական համոզմունքների համաձայն (Գործք 4.18,19, 5.28,29):

Եկեղեցու և պետության միջև տարաձայնությունների առաջացման դեպքում ապստամբությունը, խռովությունը, քաղաքացիական անհնազադության ու բռնության կոչերը չեն հանդիսանում խնդրի լուծման Աստծո միջոցները, հետևաբար նաև կիրառելի չեն Միությա համար: Այդպիսի իրադրությունների պարագայում Համագործակցության միջոցներն են՝

  1. փոխըմբնռման և խաղաղ ելքի փնտրումը (Գործք 4.18),
  2. Աստծո կամքի վկայակոչումը և քարոզչությունը (Գործք 4.26-29, 5.29-32),
  3. աղոթքը և ծոմապահությունը (Ա Տիմ. 2.3, Մատթ. 6.16-18):

Եկեղեցին նաև իրավունք ունի օգտագործել Սահմանադրությամբ և պետության գործող օրենսդրությամբ տրված բոլոր միջոցներն ու հնարավորությունները` իր իրավունքների ոտնահարումը կանխելու, ինչպես նաև խախտված իրավունքները վերականգնելու համար:

ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆՋԱՏ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Մենք ընդունում ենք աշխարհիկ պետության մոդելը. Եկեղեցին անջատ է պետությունից, ինչը նշանակում է, որ պետությունն իրավունք չունի միջամտել Եկեղեցու` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, իսկ Եկեղեցին էլ իր հերթին չի միջամտում պետության կառավարման գործերին: Աստվածաշնչում կա մի քանի դեպք, երբ առաքյալները վկայում էին պետական ծառայողներին նրանց հոգիների փրկության անհրաժեշտության մասին, բայց նրանք երբեք չեն թելադրել` ինչպես կառավարել պետությունը (Գործք 26.28; 24.25):

ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Չնայած Եկեղեցին անջատ է պետությունից, սակայն վերջիններս կարող են հանուն հասարակության բարօրության համագործակցել մի շարք բնագավառներում: Սույն Միության և պետության միջև փոխգործակցության հնարավոր ոլորտներն են`

  • հասարակությունում բարոյականության պահպանումը,
  • հոգևոր, բարոյական և հայրենասիրական կրթությունն ու դաստիարակությունը,
  • գթասիրական և բարեգործական ծրագրերը,
  • պետական իշխանության ներկայացուցիչների և Եկեղեցու միջև երկխոսության պահպանումը` որոշակի օրենքների, իրավական ակտերի և որոշումների պատրաստման և ընդունման հարցերի վերաբերյալ,
  • կրկնահանցագործության կանխարգելումն ու խնամատարությունն այն անձանց, ովքեր գտնվում են ազատազրկման վայրերում,
  • գիտությունը,
  • առողջապահությունը,
  • շրջակա միջավայրի պահպանությունը,
  • տնտեսական գործունեությունը,
  • ընտանիքի, մայրության և երեխաների հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործունեությունը,
  • միջազգային, միջէթնիկական և քաղաքացիական մակարդակներում բարեգործությունը:

Գոյություն ունեն ոլորտներ, որտեղ Եկեղեցին չի կարող համագործակցել պետական համակարգերի հետ.

  • քաղաքական պայքարը, նախընտրական քարոզչությունը, այս կամ այն քաղաքական կուսակցությանը և քաղաքական գործիչներին աջակցելը,
  • մասնակցությունը հետախուզական և նմանատիպ այլ գործունեությունում:

© Credo.am 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են