Skip to content Skip to sidebar Skip to footer

Ժողովրդավարական հասարակությունների մեջ իշխանությունների ձևավորման և հույժ կարևոր ազգային խնդիրների նկատմամբ քաղաքացու կամքի արտահայտման հիմնական միջոցներն են ընտրությունը և հանրաքվեն: Սույն Միությունը իր անդամների շրջանում որևէ անձի կամ կուսակցության օգտին քվեարկելու քարոզչություն չի իրականացնում: Միության անդամները` որպես ՀՀ քաղաքացիներ, առաջնորդվելով իրենց խղճի թելադրանքով, սեփական համոզմունքներով և հայացքներով, մասնակցում են ընտրություննրին` քվեարկելով իրենց նախընտրած թեկնածուի օգտին:

Եկեղեցին տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց կոչ է անում խաղաղության և համերաշխության: Միության անդամները` ծառայողները, այցելուները, կարող են ունենալ քաղաքական տարբեր համոզմուքներ, բացառությամբ այնպիսիները, որոնք հստակ տանում են Միության ուսմունքներին և քրիստոնեական բարոյականությանն ակնհայտորեն հակասող գործողությունների:

Եկեղեցու բարձրաստիճան հոգևոր ծառայողները չեն կարող մասնակցել քաղաքական կազմակերպությունների գործունեությանը, նախընտրական գործընթացներին, ինչպիսիք են` քաղաքական կազմակերպություններին կամ առանձին թեկնածուներին բացահայտ աջակցելը, նրանց օգտին քարոզչությունը և այլն: Նրանք չեն կարող նաև առաջադրել իրենց թեկնածությունը ցանկացած մակարդակի ընտրություններում: Միևնույն ժամանակ ծառայողներին և այցելուներին ոչինչ չպետք է խոչընդոտի մյուս քաղաքացիների հետ համահավասար մասնակցելու քվեարկությանը:

Սույն Միությունը կուսակցություններ չի ստեղծում:

Քաղաքական կուսակցությունների գործունեության մեջ և նախընտրական գործընթացներում Միության մասնակցության առարկումն ամենևին չի նշանակում, որ նա չի կարող բացահայտ արտահայտել իր դիրքորոշումը հասարակական կաևորության հարցերի վերաբերյալ և իր մոտեցումները ներկայացնել կառավարական մարմիններին: Նման դիրքորոշումը Միության անունից արտահայտում են Միության ղեկավարությունը և նրա լիազորված անձինք:

Ոչինչ չի արգելում հավատացյալներին` ներգրավված լինելու իշխանության օրենսդրական, գործադիր և դատական ճյուղերում, ինչպես նաև քաղաքական կուսակցություններում:

Հավատացյալները` որպես քաղաքացիներ, կոչված են կատարելու իրենց քաղաքացիական պարտքը, մասնակցելու բոլոր մակարդակների իշխանությունների ընտրություններին: Պետական կամ քաղաքական գործունեություններում մասնակցություն ունեցող հավատացյալներն անհատապես կամ տարբեր կազմակերպությունների շրջանակներում դա անում են ինքնուրույն՝ առանց նույնացնելու իրենց դիրքորոշումը Համագործակցության դիրքորոշման հետ և ելույթ չունենալով նրա անունից: Բացի այդ, Համագործակցությունը չի տալիս իր հատուկ օրհնությունը հավատացյալների քաղաքական գործունեությանը:

Սույն Միությունը կողմ է հասարակական բոլոր այն գործընթացներին, որոնք նպաստում են ազգային համերաշխությանը և հասարակական բոլոր խնդիրներում փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը:

Մենք ընդունում ենք, որ`

  • բարեպաշտ, բարոյական և առաքինի մարդիկ կարող են տարակարծիք լինել քաղաքական և սոցիալական հարցերում,
  • մենք` որպես քրիստոնյաներ, կարող ենք ծառայել մեր հասարակության և պետության բարօրությանը տարբեր համակարգերում` պահպանելով քրիստոնեական բարոյական նորմերը և եկեղեցու ու պետության տարանջատման սկզբունքը,
  • հանդուրժողականության ձևավորումը, կառուցողական քննարկումների առկայությունը միաբանում են մարդկանց, բարելավում հասարակությունը և պահպանում կրոնական ազատությունը:

Մենք չենք ընդունում`

  • հասարակական ինստիտուտները (կրթական, սոցիալական հաստատությունները, հասարակական միավորումներն ու քաղաքական կուսակցությունները) քաղաքացիների շրջանում որպես կրոնական հայացքների տարածման միջոցներ օգտագործելու փորձերը,
  • քաղաքական և օրենսդրական գործընթացների վրա ազդելու այն փորձերը, որոնք ուղղված են երկրի քաղաքացիների` սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների ոտնահարմանն ու սահմանափակմանը,
  • պետական հաստատությունների օգտագործումը հասարակությանը որևէ կրոնական առանձին հայացքներ պարտադրելու փորձերը,
  • այն տեսակետը, ըստ որի` ով մեր հայացքների հետ համաձայն չէ, պետք է նրան համարել անբարոյական, անբարեպաշտ, հակառակորդ,
  • հասարակությունը պառակտելու, կրոնական անհանդուրժողականություն, թշնամանք և ատելություն սերմանելու նպատակով քաղաքական գործընթացներն օգտագործելու մղումը:

Մեր հասարակության ցանկացած անձ թանկ է Աստծո համար` անկախ նրա հասարակական դիրքից: Որևէ անձի արժեքը չի որոշվում ըստ նրա համայնքային, կրոնական կամ քաղաքական հայացքների, ազգային կամ ազգակցական պատկանելության: Այդ կատեգորիաներով մարդկանց տարանջատումը բարոյալքում է հասարակությանը և բեկանում մարդկանց վստահությունը հասարակական ցանկացած գործընթացի նկատմամբ` օտարելով նրանց հանրային կյանքից:

Բոլոր մարդկանց հավասար հնարավորությունները, ինչպես նաև մարդկանց հավասարությունը օրենքի առջև` անկախ նրանց հասարակական դիրքից, այն երաշխիքն է, որի կենսական կարիքն ունեն բոլոր ժողովուրդները:

Աստված Ինքը մարդու համար ստեղծել է փրկության և Իր երկնային բարիքներից օգտվելու հավասար հնարավորություններ` ընտրության ազատ իրավունքը թողնելով նրան:

© Credo.am 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են