Պատմության ընթացքում առաջացել են քրիստոնեության տարբեր ուղղություններ՝ կաթոլիկներ, ուղղափառներ և բողոքականներ: Մենք հիմք ենք ընդունում այն դավանանքը, որը հռչակվել է 325թ. Նիկեայում` Եկեղեցու առաջին տիեզերական համաժողովի, ինչպես նաև 381թ. Կոնստանդնուպոլսում` Եկեղեցու երկրորդ տիեզերական համաժողովի ժամանակ, որն էլ հայտնի է «Նիկեական հավատո հանգանակ» անվամբ:
Բացի այդ, մենք պահպանում ենք բողոքական բարեփոխման հինգ հիմքերը.
- Միայն Գրվածքները (Sola Scriptura),
- Միայն Քրիստոսը (Sola Christa),
- Միայն շնորհքով (Sola Gratia),
- Միայն հավատով (Sola Fide),
- Փառքը միայն Աստծուն (Soli Deo Gloria):
Ի վերջո, մենք հռչակում ենք, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին տիեզերական է, այն ունի մեկ ճշմարտություն և հանդիսանում է մեկ Մարմին՝ բազմաթիվ անդամներով: Համագործակցությունը խիստ հարգալից է վերաբերվում Հայաստանյայց Առաքելական, ինչպես նաև կաթոլիկ, ուղղափառ և բողոքական եկեղեցիներին: Մենք համոզված ենք, որ Աստվածաշնչի համաձայն՝ հարկավոր է պահպանել շփումը տարբեր հարանվանությունների հետ` քրիստոնեական արժեքների հաստատման նպատակով:
Քրիստոնեության մեջ որոշ ավետարանական ուղղությունների և հարանվանությունների առաջացումը և դրանց հետևանքով ստեղծված եկեղեցական համայնքներն առաքյալների վարդապետության դրժված, խեղաթյուրված կամ մոռացված դրույթների վերականգնման ձգտումներ էին, որոնց իրական արմատը Աստծո որոնումն ու Աստծո կարիքն էր:
Մեր համոզմամբ` այդ սերունդներին տրված հայտնությունը և դրա արդյունքում կուտակված հարուստ քրիստոնեական փորձառությունն ու ժառանգությունը այսօր նաև մեր հոգևոր գանձարանի մեկ մասն է կազմում: Այդ պատճառով մենք ձգտում ենք տարբեր եկեղեցիների հետ եղբայրական սիրով հաղորդակցությանը և հավատքի միասնականությանը ավետարանական հիմնարար սկզբունքների շուրջ` պահպանելով եկեղեցական առանձնահատկությունները:
Համոզված ենք, որ ուղղադավան եկեղեցիների համատեղ ջանքերն ազգանպաստ ծառայությունների մեջ մեծապես կօժանդակի հայ ժողովրդի հոգևոր և նյութական զարգացմանն ու համերաշխությանը, ինչպես նաև եկող սերնդին կթողնի այն ժառանգությունը, որը զերծ կպահի նրան ապագա սխալներից:
Կեղծ քրիստոնեական և մոլորեցուցիչ ուսմունքների դեմ եկեղեցիների պայքարն այսօր չի կարող հաջողության հասնել կրոնական անհանդուրժողականության մթնոլորտ կամ համայնքային ատելություն հրահրելու միջոցով: Առավել ևս որևէ բռնություն չի կարող, վերջին հաշվով, կասեցնել սխալ ուսմունքների զարգացումը:
Մեր հասարակության աստվածաշնչային գրագիտության աճը, կարևոր խնդիրների շուրջ պարզաբանումներն ու երկխոսությունը և, որ ամենակարևորն է, Ավետարանի քարոզությունը միակ ազդեցիկ միջոցներն են կեղծ ուսմունքների դեմ պայքարում: Ներկայիս քաղաքակրթությունը չի հանդուրժում այլևս կրոնական համոզմունքների հիման վրա բռնությունները և հետապնդումները: Այդ մեթոդներն անընդունելի են նաև քրիստոնեական բարոյականության տեսանկյունից:
ԱՅԼ ԿՐՈՆՆԵՐ
Աստվածաշունչը, որը հանդիսանում է մեր ուսմունքի հիմքը, միանգամայն Աստծո շունչն է, այն մեզ է փոխանցում Աստծո կամքը մարդու փրկության վերաբերյալ: Մենք հավատում ենք, որ բոլոր մարդիկ արարված են Աստծո պատկերով ու նմանությամբ, Նրա փառքի և այն բանի համար, որ փրկություն ստանան մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով:
Մենք ընդունում ենք, որ գոյություն ունեն տարբեր կրոններ, ինչպիսիք են քրիստոնեությունը, հուդայականությունը, իսլամը, հինդուիզմը, բուդդիզմը և այլն: Յուրաքանչյուր կրոն ունի իր տեսակետը Աստծո, մարդու, կյանքի, մահվան և տիեզերքի վերաբերյալ: Քրիստոնեական հավատը պահպանում է մարդու խղճի և դավանանքի ազատության և նրա ընտրության իրավունքը, այսինքն` նա ազատ է անձամբ ընտրելու իր կրոնը կամ չդավանելու ոչ մի կրոն: Մենք գտնում ենք, որ հասարակությունում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ձգտել մարդկանց մեջ դաստիարակելու հանդուրժողականություն տարբեր աշխարհայացքներ ունեցող անձանց նկատմամբ: Պատմության ընթացքում շատ մարդիկ են հալածվել կրոնական անհանդուրժողականության պայքարում, ինչպես նաև մարդու խղճի և կրոնական դավանանքի ազատության իրավունքը պաշտպանելու համար:
Մենք խաղաղության, համերաշխության, հանդուրժողականության և հարգանքի կոչ ենք անում տարբեր կրոնական համոզմունքների հետևորդների, բարի կամքի տեր բոլոր մարդկանց հանդեպ, ինչպիսին էլ որ լինի նրանց աշխարհայացքային ընտրությունը:
ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՕԿՈՒԼՏԻԶՄԻ ՀԱՆԴԵՊ
Վերջին տարիներին մեր երկրում լայն տարածում են գտել ոգեհարցությունը և նմանօրինակ տարբեր զբաղմունքները (հորոսկոպներ, գուշակություններ, կախարդություններ, սև և սպիտակ մագիա, հիպնոս, էքստրասենսորիկա, հեքիմություն, պայծառատեսություն, հմայություն և այլն): Աստվածաշնչում պարզ գրված է.
«Եվ երբ ձեզ ասեն, թե` շշնջող և քրթմնջող վհուկներին ու նշանագետներին հարցնենք, այն ժամանակ ասեք` ժողովուրդն իր Աստծուն չպիտի՞ հարցնի: Ապրողների մասին մեռածների՞ց հարցնենք» (Եսայի 8.19):
Աստվածաշունչը կտրականապես արգելում է շփումը խավար ուժերի հետ: Օկուլտիզմով զբաղվելն արտահայտում է մարդու անհնազանդությունն Աստծուն: Օկուլտիզմը սատանայի զենքերից մեկն է: Նա ամեն հնարավոր բան անում է, որպեսզի մարդն առանց այդ հասկանալու հայտնվի Աստծուն թշնամի ուժերի կողմում: Օգտագործելով աստվածաշնչյան գիտելիքների մարդկանց չիմացությունը, սուտը, բամբասանքը և տարբեր գայթակղություններ՝ սատանան մարդկային հոգում խավար է սերմանում: Օկուլտիզմը կեղծ աստվածներին երկրպագելու ամենավտանգավոր ձևն է, երբ մարդը չի ընդունում ճշմարիտ Աստծուն:
Այսօր դրանց որոշ տեսակները հանդես են գալիս քրիստոնեական հավատքի որոշ տարրերով համեմված տեսքով` անկեղծ քրիստոնյաներին դրանց մեջ ներքաշելու նպատակով, ինչը երբեմն հաջողվում է: Եկեղեցիները պարտավոր են համատեղ ջանքերով պայքար մղել օկուլտիզմի տարբեր դրսևորումների և դրանց մասսայականացման դեմ: