Skip to content Skip to footer

ԴԱՎԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

Հայաստանի Ավետարանական հավատքի եկեղեցիների միությունը (այսուհետև` միություն) դավանաբանության և քրիստոնեական կյանքի հիմքը Սուրբ Գիրքն է` Աստվածաշունչ մատյանը` բաղկացած կանոնական 66 գրքերից: Քրիստոնեական կյանքին, ինչպես նաև ցանկացած գաղափարախոսությանը վերաբերող գնահատականները և մեկնությունները միությունը տալիս է Աստվածաշնչի համաձայն` Աստծո Խոսքը համարելով բարձրագույն հեղինակություն վարդապետության, հայտնությունների, քրիստոնեական փորձառության ու գործունեության բնագավառում:

«Ամեն Աստվածաշունչ գիրք օգտակար են վարդապետության, հանդիմանության, ուղղելու և արդարության խրատելու համար» (Բ Տիմոթեոս 3.16):

Աստվածաշունչը հավատքին առնչվող հարցերի միակ ճշգրիտ չափանիշն է, որի համաձայն ստուգվում են միության բոլոր ուսմունքները: Մենք հավատում ենք, որ Սուրբ Գիրքը քրիստոնյաների համար ընդմիշտ կմնա հիմնարար ճշմարտություն և բարձրագույն չափանիշ, որով չափվում են մարդկային վարքն ու բարոյականությունը: Քրիստոնյաները պետք է շարունակ համեմատեն իրենց հավատն ու կյանքը Աստվածաշնչի հետ (Մատթ. 5.18, Հովհ. 10.35):

Միության նպատակն Աստծո կամքի կատարումն է: Սուրբ Գիրքը հստակորեն վկայում է, որ Աստծո կամքի հիմնական նպատակը մարդկանց դարձն է առ Աստված և փրկությունը՝ Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով , ինչպես նաև սովորեցնել նրանց Տիրոջ կողմից տրված պատվերներով ապրել: Այդ ծրագրի իրագործման հրամայականն ավետարանչությունն է բոլոր ազգերի մեջ:

«Որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առաջ, որ կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն, և ճշմարտության գիտությանը գան» (Ա Տիմոթ. 2.3):

«Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք , նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը ․ Նորանց սովորեցնելով , որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն ․ եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը ։ Ամէն ։» (Մատթէոս 28։19,20):

  • Հավատում ենք մեկ Աստծո՝ Հորը, մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն միևնույն Աստվածային էությամբ, կամքով և խորհուրդներով, չխառնելով և չնույնացնելով անձանց և չտարաբաժանելով էությամբ։

«Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք` նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28.19):

«Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը , և Աստծո սերը , և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր ամենի հետ:. Ամեն» (Բ Կորնթ. 13.13):

«Բայց մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը , որիցն են ամեն բաները , եւ մենք նորա համար ․ եւ մէկ Տէր Յիսուս Քրիստոս որով են ամեն բաները , եւ մենք նորանով ։ Ա Կորնթացիս 8։6

Եփեսացիս 4։5,6 , Գործք Առաքելոց 5։3,4; 13։2; Գաղատացիս 1։1

  • Հավատում ենք, որ Աստված է նյութական աշխարհի՝ տիեզերքի ու նրանում եղող ամեն ինչի, և ոչ նյութական՝ հոգեղեն աշխարհի արարիչը:

«Սկզբումն Աստված ստեղծեց երկինքը և երկիրը» (Ծննդոց 1.1):

«Եվ Դու, ով Տեր, ի սկզբանե երկիրը հիմնեցիր, և երկինքները Քո ձեռքի գործն են» (Եբր. 1.10):

«Վասնզի Նրանով ամեն բան ստեղծվեց՝ ինչ որ երկնքումն ու ինչ որ երկրիս վրա է, երևացողները և չերևացողները, թե աթոռները, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները. ամեն բան Նրանով և Նրա համար ստեղծվեցին» (Կողոս. 1.16):

  • Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1. 26, 27): Մարդու արարման նպատակն է, որպեսզի նա իր գոյությամբ ճանաչի և գործունեությամբ փառավորի Աստծուն: Մարդը ստեղծվել է Աստծո հետ հաղորդակցվելու համար` դրա մեջ գտնելով կյանքի մեծագույն երանությունը:
  • Արարումից հետո մարդիկ չհնազանդվեցին Աստծուն, և դա հանգեցրեց մեղքի, մահվան և Աստծուց օտարման (Ծննդոց 3.9-19): Մեղքը Աստծուն չհնազանդվելն է: Մեղքն անօրինություն է (Ա Հովհ. 3.4):
  • Հավատում ենք, որ մարդու փրկությունը մեղքի իշխանությունից և հավիտենական կորստից հնարավոր է միայն Աստծո շնորհքով` Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով (Եփես. 2.8), Ում Աստված ուղարկեց աշխարհ` որպես զոհ համայն մարդկության մեղքերի համար: Տեր Հիսուս Քրիստոսն իր վրա վերցրեց ամբողջ մարդկության մեղքերը, խաչափայտին գամեց մեր հին բնությունը, կրեց մեր բոլորի պատիժը` մահանալով խաչի վրա: Նա մեզ հաշտեցրեց Աստծո հետ իր մահվամբ, երրորդ օրը հարություն առավ, համբարձվեց և փառավորվելով Աստծո աջ կողմը նստեց: Այժմ Նա բարեխոս է համայն մարդկության համար: Փրկությունը չվաստակած պարգև է, որը ձեռք է բերվում հավատքով առ այն, որ Քրիստոս մեռավ իմ մեղքերի համար (Եփես. 2.5, Ա Կորնթ. 3.5-7, Հովհ. 3.16, 1.14, Եբր. 4.14, Բ Կորնթ. 5.19-21):
  • Հավատում ենք, որ մարդն Աստծուն է դառնում, ապաշխարությամբ, որի հետևանքով նա արդարանում և հաշտվում է Աստծո հետ Տեր Հիսուս Քրիստոսի արյունով և մահովը։ Հովհ. 3.3, Բ Կորնթ. 5.17; Հռովմայեցիս 5։9,10
  • Ապաշխարությունը կատարած մեղքերի համար զղջումն է, դրանց այլևս չվերադառնալու որոշումը և հավատալն է Հիսուս Քրիստոսին, որպես Տիրոջ և Փրկչի։ Հովհ. 1.16; Գործք 13.39, Հռոմ. 8.1; Գործք․ 2։37; 19։18,19; Կողոսացիս 1։14
  • Հավատում ենք Ընդհանրական Եկեղեցու գոյությանը` որպես Քրիստոսի Մարմինը, որը կազմված է երկրի վրա երբևիցե ապրած և ապրող բոլոր փրկվածներից (Եփես. 1.23, 5.23, Ա Կորնթ. 12.27, Գաղ. 3.28):
  • Հավատում ենք, որ ջրի մկրտությունը մարդու մեջ ներքին փոփոխություններ խորհրդանշող արտաքին գործողություն է, հավատքով դավանությունն է Քրիստոսի հետ ՝  Նրա մահով մեղքի համար մեռած լինելու և նոր կյանքի համար Նրա հետ հարություն առած լինելու մասին։ Հռոմ. 6.3-6, Գործք 3.38, Ա Պետրոս 3.21; Կողոսացիս 2։12,13:
  • Հավատում ենք, որ Սուրբ Հոգով մկրտությունը Հոր խոստմունքն է` տրված բոլոր ժամանակների հավատացյալներին: Սուրբ Հոգով մկրտության նշանը, որ վերապրեցին առաքյալները Պենտեկոստեի օրը, երբ նրանք սկսեցին խոսել օտար լեզուներով, այսօր նույնպես արդիական է: Մկրտության ապացույց է նաև հավատացյալների լցվելը հոգևոր զորությամբ` ողջ աշխարհում Քրիստոսի վկան լինելու և արդյունավետ ավետարանչություն իրականացնելու համար (Գործք 1։8, 2։1-4, 39):
  • Հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսն ուղարկեց հավատացյալներին` բոլոր մարդկանց քարոզելու Բարի լուրն այն մասին, որ Նա մահացավ նրանց մեղքերի համար, հարություն առավ նրանց արդարացնելու համար և ապրում է որպես նրանց միակ Փրկիչ և Տեր: Այս առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար Նա Իր հետևորդներին օժտեց Իր Հոգու զորությամբ (Մարկ. 16.15):
  • Հավատում ենք, որ հավատացյալների կյանքում հոգևոր պարգևները դրսևորվում են Աստծո Խոսքի հաստատման, Ավետարանի տարածման, Եկեղեցու և անձի հոգևոր շինության, մարմնավոր բժշկության համար (Մարկ. 16.17, 18, Ա Կորնթ. 12-13):
  • Հավատում ենք, որ Տերունական ընթրիքը կամ սուրբ հաղորդությունը Տեր Հիսուս Քրիստոսի պատվերն է. «… Տեր Հիսուսն այն գիշերը, որ մատնվում էր, հաց առավ և գոհանալուց հետո կտրեց և ասաց. «Առե’ք, կերե’ք. այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է: Այս արեք իմ հիշատակի համար»: Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ և ասաց. «Այս բաժակը Նոր ուխտն է իմ արյունով. այս արեք, քանի անգամ որ խմեք, իմ հիշատակի համար: Որովհետև քանի անգամ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեք մինչև որ Նա կգա» (Ա Կորնթ. 11. 23-26): Ընդունելով հացը և գինին` քրիստոնյաները դավանում են Աստծո հետ հաշտությունը և իրենց փրկագնումը Քրիստոսի մահվան միջոցով, Եկեղեցու միասնականությունը Քրիստոսի մեջ և Քրիստոսի երկրորդ գալստյան նկատմամբ հավատն ու սպասումը (Ա Կորնթ. 10.16,17, 11. 23-26):
  • Հավատում ենք, որ Աստծո կամքն է, որպեսզի մեր հոգին, շունչը և մարմինը առողջ լինեն: Ավետարաններում նկարագրված Քրիստոսի ծառայությունը միշտ ուղեկցվում էր մարդկանց բժշկություններով: Բժշկության ծառայությունն այսօր էլ մնում է արդիական Եկեղեցու համար (Մարկ. 6.56, Ես. 53.5):
  • Հավատում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ մարմնով առաջին հայտնության  խորհրդին, որպես Աստծո հայտնությունը մարմնի մեջ։  Ա Տիմոթեոս 3։16 
  • Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մարմնում եղած ժամանակ միևնույն անձնավորության մեջ ուներ երկու բնություն ՝ Աստվածային և մարդկային, առանց դրանց միջև որևե հակասության, որպես ճշմարիտ Աստված և կատարյալ մարդ։ Հովհաննես 1։1, 14; 5։18; Եփեսացիս 4։13
  • Հավատում ենք, որ ունենալով մարդկային բնություն մեր Տեր Հիսուս Քրիստոսը անհաղորդ էր մեղքին։ Եբրայեցիս 7։26-28; Ղուկաս 1։25; Բ Կորնթացիս 5։21
  • Հավատում ենք, որ Տերը մարմնում եղած ժամանակ փորձվեց ամեն բանով բայց առանց մեղքի։ Եբրայեցիս 4։15; Ա Պետրոս 2։12 
  • Հավատում ենք, որ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր մարմնի մեկ անգամ պատարագովը սրբեց մեր մեղքերը և այդ մարմնում հաղթեց մեղքին։ Եբրայեցիս 9։28; 10։10; Հռովմ․ 8։3 
  • Հավատում ենք, որ Տերը նույն մարմնով մեռավ խաչի վրա, երրորդ օրը հարություն առավ նույն մարմնով, համբարձվեց և փառավոր ոչ նյութական մարմնով նստեց Հայր Աստծո աջ կողմը և բարեխոս է ամբողջ աշխարհի համար։ Փիլի․ 3։20,21; Ա Հովհ․ 2։12; Բ Կորն․ 5։16; Ա Կոր․թ 15։50 
  • Հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը` ի Տեր ննջած փրկվածների հարության, կենդանի մնացած փրկվածների վերափոխման և նրանց միասին իր մոտ հավաքելու, ինչպես նաև աշխարհն ամբարշտությունից մաքրելու և Իր թագավորությունը երկրի վրա հաստատելու նպատակով (Ա Թեսաղ. 4.12-17):

© Credo.am 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են