Skip to content Skip to sidebar Skip to footer

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Խոսք ընթերցողին

Հարգելի ընթերցող 

Սույն հրատարակությամբ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արդի ժամանակներում մեծ կարևորություն և հրատապություն պարունակող եկեղեցական փաստաթուղթ` «Հայաստանի Ավետարանական հավատքի եկղեցիների միության սոցիալական հայեցակարգը»: Հաշվի առնելով այն, որ միությունը անդամակցող եկեղեցիների դավանանքը և հանրային նշանակության հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները երբեմն անտեղյակության պատճառով, իսկ երբեմն էլ միտումնավոր կերպով ներկայացվում են աղավաղված, հավաստի պաշտոնական տեղեկատվություն ապահովելու առումով այս փաստաթղթի հրապարակումը համարում ենք ժամանակի թելադրանք:

«Սոցիալական հայեցակարգը» համակարգված ձևով մատուցում է անհրաժեշտ տեղեկատվություն եկեղեցական և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ միության սկզբունքային մոտեցումների մասին` հիմնված Աստվածաշունչ մատյանի, Եկեղեցու դավանաբանության, քրիստոնեական պրակտիկայի, ինչպես նաև նախորդ սերունդների եկեղեցական փորձի վրա: Այս ձեռնարկը հնարավորություն է ընձեռում բոլոր շահագրգիռ անձանց` առաջին ձեռքից ծանոթանալու միությանն անդամակցող եկեղեցիների դիրքորոշումներին այնպիսի հիմնահարցերի առնչությամբ, ինչպիսին են` Եկեղեցի և պետություն, Եկեղեցի և ազգ, միջեկեղեցական հարաբերություններ, տնտեսություն, աշխատանք, կրթություն, գիտություն և մշակույթ, Եկեղեցի-ընտանիք-հասարակություն, պատերազմ և զինծառայություն, բարոյագիտություն, կենսաբժշկություն և շատ այլ հիմնախնդիրներ:

Սույն հրատարակությունը նախատեսվում է ինչպես միությանն անդամակցող եկեղեցիների սպասավորների և հավատավորների, այնպես էլ պաշտոնատար անձանց, զանգվածային լրատվամիջոցների, կրոնական փորձագետների և շահագրգիռ հասարակայնության համար: Հուսով ենք, որ այն լավագույնս կլուսաբանի անգամ ամենանուրբ և զգայուն հիմնահարցերի հանդեպ միության վերաբերմունքը` տալով ճիշտ պատկերացում եկեղեցիների դավանաբանության և սոցիալական ուսմունքի մասին:

ԴԱՎԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

Հայաստանի Ավետարանական հավատքի եկեղեցիների միությունը (այսուհետև` միություն) դավանաբանության և քրիստոնեական կյանքի հիմքը Սուրբ Գիրքն է` Աստվածաշունչ մատյանը` բաղկացած կանոնական 66 գրքերից: Քրիստոնեական կյանքին, ինչպես նաև ցանկացած գաղափարախոսությանը վերաբերող գնահատականները և մեկնությունները միությունը տալիս է Աստվածաշնչի համաձայն` Աստծո Խոսքը համարելով բարձրագույն հեղինակություն վարդապետության, հայտնությունների, քրիստոնեական փորձառության ու գործունեության բնագավառում:

«Ամեն Աստվածաշունչ գիրք օգտակար են վարդապետության, հանդիմանության, ուղղելու և արդարության խրատելու համար» (Բ Տիմոթեոս 3.16):

Աստվածաշունչը հավատքին առնչվող հարցերի միակ ճշգրիտ չափանիշն է, որի համաձայն ստուգվում են միության բոլոր ուսմունքները: Մենք հավատում ենք, որ Սուրբ Գիրքը քրիստոնյաների համար ընդմիշտ կմնա հիմնարար ճշմարտություն և բարձրագույն չափանիշ, որով չափվում են մարդկային վարքն ու բարոյականությունը: Քրիստոնյաները պետք է շարունակ համեմատեն իրենց հավատն ու կյանքը Աստվածաշնչի հետ (Մատթ. 5.18, Հովհ. 10.35):

Միության նպատակն Աստծո կամքի կատարումն է: Սուրբ Գիրքը հստակորեն վկայում է, որ Աստծո կամքի հիմնական նպատակը մարդկանց դարձն է առ Աստված և փրկությունը՝ Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով , ինչպես նաև սովորեցնել նրանց Տիրոջ կողմից տրված պատվերներով ապրել: Այդ ծրագրի իրագործման հրամայականն ավետարանչությունն է բոլոր ազգերի մեջ:

«Որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առաջ, որ կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն, և ճշմարտության գիտությանը գան» (Ա Տիմոթ. 2.3):

«Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք , նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը ․ Նորանց սովորեցնելով , որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն ․ եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը ։ Ամէն ։» (Մատթէոս 28։19,20):

  • Հավատում ենք մեկ Աստծո՝ Հորը, մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն միևնույն Աստվածային էությամբ, կամքով և խորհուրդներով, չխառնելով և չնույնացնելով անձանց և չտարաբաժանելով էությամբ։

«Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք` նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28.19):

«Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը , և Աստծո սերը , և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր ամենի հետ:. Ամեն» (Բ Կորնթ. 13.13):

«Բայց մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը , որիցն են ամեն բաները , եւ մենք նորա համար ․ եւ մէկ Տէր Յիսուս Քրիստոս որով են ամեն բաները , եւ մենք նորանով ։ Ա Կորնթացիս 8։6

Եփեսացիս 4։5,6 , Գործք Առաքելոց 5։3,4; 13։2; Գաղատացիս 1։1

  • Հավատում ենք, որ Աստված է նյութական աշխարհի՝ տիեզերքի ու նրանում եղող ամեն ինչի, և ոչ նյութական՝ հոգեղեն աշխարհի արարիչը:

«Սկզբումն Աստված ստեղծեց երկինքը և երկիրը» (Ծննդոց 1.1):

«Եվ Դու, ով Տեր, ի սկզբանե երկիրը հիմնեցիր, և երկինքները Քո ձեռքի գործն են» (Եբր. 1.10):

«Վասնզի Նրանով ամեն բան ստեղծվեց՝ ինչ որ երկնքումն ու ինչ որ երկրիս վրա է, երևացողները և չերևացողները, թե աթոռները, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները. ամեն բան Նրանով և Նրա համար ստեղծվեցին» (Կողոս. 1.16):

  • Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1. 26, 27): Մարդու արարման նպատակն է, որպեսզի նա իր գոյությամբ ճանաչի և գործունեությամբ փառավորի Աստծուն: Մարդը ստեղծվել է Աստծո հետ հաղորդակցվելու համար` դրա մեջ գտնելով կյանքի մեծագույն երանությունը:
  • Արարումից հետո մարդիկ չհնազանդվեցին Աստծուն, և դա հանգեցրեց մեղքի, մահվան և Աստծուց օտարման (Ծննդոց 3.9-19): Մեղքը Աստծուն չհնազանդվելն է: Մեղքն անօրինություն է (Ա Հովհ. 3.4):
  • Հավատում ենք, որ մարդու փրկությունը մեղքի իշխանությունից և հավիտենական կորստից հնարավոր է միայն Աստծո շնորհքով` Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով (Եփես. 2.8), Ում Աստված ուղարկեց աշխարհ` որպես զոհ համայն մարդկության մեղքերի համար: Տեր Հիսուս Քրիստոսն իր վրա վերցրեց ամբողջ մարդկության մեղքերը, խաչափայտին գամեց մեր հին բնությունը, կրեց մեր բոլորի պատիժը` մահանալով խաչի վրա: Նա մեզ հաշտեցրեց Աստծո հետ իր մահվամբ, երրորդ օրը հարություն առավ, համբարձվեց և փառավորվելով Աստծո աջ կողմը նստեց: Այժմ Նա բարեխոս է համայն մարդկության համար: Փրկությունը չվաստակած պարգև է, որը ձեռք է բերվում հավատքով առ այն, որ Քրիստոս մեռավ իմ մեղքերի համար (Եփես. 2.5, Ա Կորնթ. 3.5-7, Հովհ. 3.16, 1.14, Եբր. 4.14, Բ Կորնթ. 5.19-21):
  • Հավատում ենք, որ մարդն Աստծուն է դառնում, ապաշխարությամբ, որի հետևանքով նա արդարանում և հաշտվում է Աստծո հետ Տեր Հիսուս Քրիստոսի արյունով և մահովը։ Հովհ. 3.3, Բ Կորնթ. 5.17; Հռովմայեցիս 5։9,10
  • Ապաշխարությունը կատարած մեղքերի համար զղջումն է, դրանց այլևս չվերադառնալու որոշումը և հավատալն է Հիսուս Քրիստոսին, որպես Տիրոջ և Փրկչի։ Հովհ. 1.16; Գործք 13.39, Հռոմ. 8.1; Գործք․ 2։37; 19։18,19; Կողոսացիս 1։14
  • Հավատում ենք Ընդհանրական Եկեղեցու գոյությանը` որպես Քրիստոսի Մարմինը, որը կազմված է երկրի վրա երբևիցե ապրած և ապրող բոլոր փրկվածներից (Եփես. 1.23, 5.23, Ա Կորնթ. 12.27, Գաղ. 3.28):
  • Հավատում ենք, որ ջրի մկրտությունը մարդու մեջ ներքին փոփոխություններ խորհրդանշող արտաքին գործողություն է, հավատքով դավանությունն է Քրիստոսի հետ ՝  Նրա մահով մեղքի համար մեռած լինելու և նոր կյանքի համար Նրա հետ հարություն առած լինելու մասին։ Հռոմ. 6.3-6, Գործք 3.38, Ա Պետրոս 3.21; Կողոսացիս 2։12,13:
  • Հավատում ենք, որ Սուրբ Հոգով մկրտությունը Հոր խոստմունքն է` տրված բոլոր ժամանակների հավատացյալներին: Սուրբ Հոգով մկրտության նշանը, որ վերապրեցին առաքյալները Պենտեկոստեի օրը, երբ նրանք սկսեցին խոսել օտար լեզուներով, այսօր նույնպես արդիական է: Մկրտության ապացույց է նաև հավատացյալների լցվելը հոգևոր զորությամբ` ողջ աշխարհում Քրիստոսի վկան լինելու և արդյունավետ ավետարանչություն իրականացնելու համար (Գործք 1։8, 2։1-4, 39):
  • Հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսն ուղարկեց հավատացյալներին` բոլոր մարդկանց քարոզելու Բարի լուրն այն մասին, որ Նա մահացավ նրանց մեղքերի համար, հարություն առավ նրանց արդարացնելու համար և ապրում է որպես նրանց միակ Փրկիչ և Տեր: Այս առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար Նա Իր հետևորդներին օժտեց Իր Հոգու զորությամբ (Մարկ. 16.15):
  • Հավատում ենք, որ հավատացյալների կյանքում հոգևոր պարգևները դրսևորվում են Աստծո Խոսքի հաստատման, Ավետարանի տարածման, Եկեղեցու և անձի հոգևոր շինության, մարմնավոր բժշկության համար (Մարկ. 16.17, 18, Ա Կորնթ. 12-13):
  • Հավատում ենք, որ Տերունական ընթրիքը կամ սուրբ հաղորդությունը Տեր Հիսուս Քրիստոսի պատվերն է. «… Տեր Հիսուսն այն գիշերը, որ մատնվում էր, հաց առավ և գոհանալուց հետո կտրեց և ասաց. «Առե’ք, կերե’ք. այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է: Այս արեք իմ հիշատակի համար»: Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ և ասաց. «Այս բաժակը Նոր ուխտն է իմ արյունով. այս արեք, քանի անգամ որ խմեք, իմ հիշատակի համար: Որովհետև քանի անգամ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեք մինչև որ Նա կգա» (Ա Կորնթ. 11. 23-26): Ընդունելով հացը և գինին` քրիստոնյաները դավանում են Աստծո հետ հաշտությունը և իրենց փրկագնումը Քրիստոսի մահվան միջոցով, Եկեղեցու միասնականությունը Քրիստոսի մեջ և Քրիստոսի երկրորդ գալստյան նկատմամբ հավատն ու սպասումը (Ա Կորնթ. 10.16,17, 11. 23-26):
  • Հավատում ենք, որ Աստծո կամքն է, որպեսզի մեր հոգին, շունչը և մարմինը առողջ լինեն: Ավետարաններում նկարագրված Քրիստոսի ծառայությունը միշտ ուղեկցվում էր մարդկանց բժշկություններով: Բժշկության ծառայությունն այսօր էլ մնում է արդիական Եկեղեցու համար (Մարկ. 6.56, Ես. 53.5):
  • Հավատում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ մարմնով առաջին հայտնության  խորհրդին, որպես Աստծո հայտնությունը մարմնի մեջ։  Ա Տիմոթեոս 3։16 
  • Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մարմնում եղած ժամանակ միևնույն անձնավորության մեջ ուներ երկու բնություն ՝ Աստվածային և մարդկային, առանց դրանց միջև որևե հակասության, որպես ճշմարիտ Աստված և կատարյալ մարդ։ Հովհաննես 1։1, 14; 5։18; Եփեսացիս 4։13
  • Հավատում ենք, որ ունենալով մարդկային բնություն մեր Տեր Հիսուս Քրիստոսը անհաղորդ էր մեղքին։ Եբրայեցիս 7։26-28; Ղուկաս 1։25; Բ Կորնթացիս 5։21
  • Հավատում ենք, որ Տերը մարմնում եղած ժամանակ փորձվեց ամեն բանով բայց առանց մեղքի։ Եբրայեցիս 4։15; Ա Պետրոս 2։12 
  • Հավատում ենք, որ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր մարմնի մեկ անգամ պատարագովը սրբեց մեր մեղքերը և այդ մարմնում հաղթեց մեղքին։ Եբրայեցիս 9։28; 10։10; Հռովմ․ 8։3 
  • Հավատում ենք, որ Տերը նույն մարմնով մեռավ խաչի վրա, երրորդ օրը հարություն առավ նույն մարմնով, համբարձվեց և փառավոր ոչ նյութական մարմնով նստեց Հայր Աստծո աջ կողմը և բարեխոս է ամբողջ աշխարհի համար։ Փիլի․ 3։20,21; Ա Հովհ․ 2։12; Բ Կորն․ 5։16; Ա Կոր․թ 15։50 
  • Հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը` ի Տեր ննջած փրկվածների հարության, կենդանի մնացած փրկվածների վերափոխման և նրանց միասին իր մոտ հավաքելու, ինչպես նաև աշխարհն ամբարշտությունից մաքրելու և Իր թագավորությունը երկրի վրա հաստատելու նպատակով (Ա Թեսաղ. 4.12-17):

ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Խղճի ու դավանանքի ազատությունը պետք է իր մեջ ներառի քաղաքացիների իրավունքը`

  • դավանել որևէ կրոն կամ չդավանել ոչ մի կրոն, փոխել սեփական դավանանքը, եկեղեցական կամ կրոնական պատկանելությունը.
  • ստեղծել կրոնական կազմակերպություններ և ղեկավարել այն սեփական դավանաբանական սկզբունքներով.
  • հավաքվել մեկտեղ պաշտամունքի և ուսուցման նպատակով.
  • տարածել սեփական կրոնական հավատամքները հրապարակային քարոզության, գրականության և զանգվածային հաղորդակցության միջոցներով.
  • չհետապնդվել սեփական կրոնական համոզմունքների պատճառով:

Մարդու իրավունքները, այդ թվում` վերոհիշյալ դրույթներն ամրագրված են հետևյալ միջազգային փաստաթղթերում ՝

  • ՄԱԿ-ի մարդու իրավունքների համաընդհանուր հռչակագիրը (1948թ.).
  • Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան (1950թ.).
  • Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը (1976թ).
  • Կրոնի և համոզմունքների հիման վրա անհանդուրժողականության և խտրականության վերացման մասին հռչակագիրը (1981թ.):

Սույն միությունը պատրաստ է համագործակցել այլ կազմակերպությունների հետ խղճի, դավանանքի և մարդու՝ Քրիստոնեկան բարոյականության սահմաններում այլ ազատությունների պաշտպանության գործում:

Հասարակական համերաշխության պահպանման նպատակով անհրաժեշտ ենք համարում եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների երկխոսության կայացումը:

ԻՐԱՎՈՒՆՔ

Իրավունքը պետական համակարգի կողմից սահմանված նորմերն ու կանոններն են, որոնք կարգավորում են մարդկանց հարաբերությունները տվյալ հասարակությունում: Իրավունքը պարունակում է նաև անձի` ինչ-որ բան անելու կամ ինչ-որ կերպ վարվելու ազատությունը:

Իրավունքն առանձնահատուկ ոլորտ է, որը բարոյաէթիկական ոլորտից տարբերվում է այն պատճառով, որ չի շոշափում մարդու ներքին վիճակը, հոգևոր արժեքների համակարգը և չի սահմանում դրանց սկզբունքներն ու նորմերը:

Սակայն մարդու վարքը և գործունեությունը իրավական կանոնակարգման անհրաժեշտություն ունի: Առանց իրավական համակարգի որևէ մարդկային միություն գոյություն ունենալ չի կարող:

Օրենսդրությունը մեր համոզմամբ պետք է՝

  • լինի ոչ հակասական, այսինքն` նրա մեկ մասը տրամաբանորեն կամ կիրառման պարագայում` գործնականորեն չպետք է հակասի մյուս մասին.
  • լինի միանշանակ, այսինքն` նրա որևէ մասի մեկնությունը չպետք է հանգեցնի բազմիմաստության.
  • բխի տվյալ հասարակության կարիքներից և շահերից, ուղղված լինի միայն նրա բարեկեցությանն ու անվտանգությանը` չստեղծելով տվյալ հասարակության տարբեր խավերի արդարացի շահերի բախում, խտրական մոտեցում կամ ոտնահարում:

ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԸ

Ողջ Սուրբ Գիրքը խոսում է ազգերի մասին: Մարդկության պատմությունը, ըստ էության, ազգերի պատմություն է:

Գիտական շրջանակներում գոյություն ունեն «ազգ» հասկացության տարբեր սահմանումներ: «Ազգ»-ի ճշգրիտ կամ անթերի սահմանումը չհամարելով մեր խնդիրը, այդուհանդերձ, հարկ ենք գտնում ընդգծել կարևոր մի տեսանկյուն, որ ազգը պատմության ընթացքում որոշակի խոր ընդհանրությունների (տարածքի, գրական լեզվի, մշակույթի, էթնիկ և այլն) հիման վրա ձևավորված մարդկանց կայուն հավաքականություն է: Յուրաքանչյուր ազգ ունի իր առանձնահատկություններն ու բնութագրիչները, որոնցով էլ պայմանավորվում են տվյալ մարդկային հավաքականության ազգային ինքնակայությունն ու յուրօրինակությունը: Հայ ժողովրդի պատմության և, առհասարակ, պատմագիտության տվյալների համաձայն` հայ ազգը մարդկության պատմության ընթացքում կազմավորված հնագույն ազգերից մեկն է, որի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է:

Ժամանակակից իրավական մտածողությունն առաջ է քաշել «ազգ» հասկացության հետևյալ սահմանումը` ազգը որոշակի պետության քաղաքացիներն ու բնակիչներն են: Այս առումով չենք կարող չվկայակոչել այն առարկությունը, որ շեշտը միայն քաղաքացիության և որոշակի պետությունում բնակության փաստի վրա դնելը էականորեն սահմանափակում և աղքատացնում է «ազգ» հասկացության նշանակությունը, քանի որ այս պարագայում հաշվի չեն առնվում տվյալ մարդկային հավաքականությանը բնորոշ այն բազում ընդհանրություններն ու կապերը, որոնք թույլ են տալիս պետության բնակչին կամ քաղաքացուն իր ինքնությունը նույնացնելու որևէ ազգի հետ:

Մենք ընդունում ենք, որ Եկեղեցին, որպես տիեզերական օրգանիզմ, սահմաններ չի դնում. այն իր մեջ է ընդգրկում բոլոր ազգերի հավատացյալներին: Միևնույն ժամանակ, Եկեղեցու տիեզերական բնույթը որևէ կերպ չի խոչընդոտում քրիստոնյաների ազգային ինքնակայությանն ու ինքնարտահայտմանը: Ընդհակառակը, Եկեղեցին միաձուլում է տիեզերական և ազգային հատկանիշները: Տեր Հիսուսն Ինքը` Եկեղեցու հիմնադիրը, ցույց էր տալիս, որ Իր ուսմունքը չի կրում ո’չ տեղային, ո’չ էլ ազգային բնույթ.

«…ժամանակ պիտի գա, երբ ո՛չ այս լեռան վրա և ո’չ Երուսաղեմի մեջ երկրպագություն պիտի անեք Հորը» (Մատթ. 8.20; Հովհ. 4.21):

Դրա հետ մեկտեղ Նա նույնանում էր Իր ժողովրդի հետ, որին պատկանում էր մարդկային ծնունդով: Զրուցելով սամարացի կնոջ հետ` Հիսուսն ընդգծում էր Իր պատկանելությունը հրեա ազգին.

«Դուք նրան երկրպագություն կանեք, որին չեք ճանաչում, իսկ մենք նրան երկրպագություն կանենք, որին ճանաչում ենք, քանի որ փրկությունը հրեաներից է» (Հովհ. 4.22):

Թեև քրիստոնեական արժեքները համամարդկային են, սակայն ազգերի` որպես առանձին էթնիկական միավորների գոյության ապահովումը կատարվում է Աստծո կողմից Իր վեհ նպատակների համար, ինչը մասնավորապես վերաբերում է նաև հայ ժողովրդին (Գործք 17.26,27):

Հայ ժողովրդի բարեկեցությունը և ազգային ինքնության պահպանությունը մեզ համար կարևոր խնդիր է: Մեր կարողությունների սահմաններում մենք պատրաստ ենք ներդրում ունենալ այդ ասպարեզներում:

Որևէ ազգի առաջադիմության մակարդակը, ըստ Աստվածաշնչի, բնութագրվում է ոչ այնքան նրա գիտատեխնիկական նվաճումներով ու սոցիալական ապահովվածությամբ, որքան նրանում տիրող արդարությամբ, ինչը և հիմք է հանդիսանում վերոհիշյալ ձեռքբերումների համար (Առակ. 14.34):

Մեր համոզմամբ` քրիստոնյաների համար ազգային և կրոնական պատկանելությունների` մեկը մյուսին ստորադասման հարց գոյություն ունենալ չի կարող: Ուստի մենք ճիշտ չենք համարում հիշյալ պատկանելությունների միջև հակադրության որոնումը: Մենք գտնում ենք, որ ազգային և կրոնական պատկանելությունների միջև առկա է ոչ թե ստորադասման կամ գերադասման, այլ` ներդաշնակության հարց:

Մենք սխալ ենք համարում նաև անհատի կրոնական պատկանելությունը` որպես ազգային ինքնության առաջնային և որոշիչ հատկանիշ ներկայացնելու փորձերը` գտնելով, որ դա հղի է կրոնական հողի վրա ազգի պառակտման և նրա տարբեր հատվածների միմյանցից օտարման վտանգով:

Յուրաքանչյուր ազգ ունի ազգային խորհրդանիշեր: Եկեղեցին գտնում է, որ քրիստոնյա հավատացյալները, ինչպես և ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հարգանքով վերաբերվեն ազգային խորհրդանիշերին` պետական օրհներգին, դրոշին և զինանշանին:

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Հայրենասիրությունը նվիրվածություն և սեր է դեպի հայրենիքն ու ժողովուրդը, պատրաստակամություն է` հանուն հայրենի երկրի շահերի գնալ զոհողությունների և սխրանքների: Քրիստոնյան կանչված է սիրելու իր հայրենիքն ու ժողովրդին: Քրիստոնյայի հայրենասիրությունը պետք է լինի գործուն: Այն դրսևորվում է թշնամիներից հայրենիքի պաշտպանությամբ, ինչպես նաև ժողովրդի զարգացմանը, բարեկեցությանն ու բարոյական կատարելագործմանը միտված գործունեությամբ:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Պետական իշխանությունն Աստծուց կարգված հաստատություն է, որի գոյությունն անհրաժեշտություն է` հասարակական անվտագությունը, կարգ ու կանոնը և օրինականությունը պահպանելու, հանցավորությունը կանխելու և կասեցնելու, մարդկանց կյանքի և ունեցվածքի անձեռնմխելիությունը երաշխավորելու, արտաքին թշնամիներից քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու համար, որոնց իրագործման համար պետք է ունենա համապատասխան միջոցներ (Հռոմ. 13.1-4) :

Պետական իշխանության խնդիրն է պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները` անկախ նրա կրոնական հավատամքից, քաղաքական կամ այլ հայացքներից: Մարդու իրավունքներն ու ազատությունները` կյանքի իրավունք, խոսքի, մամուլի, ժողովների ազատություն, մասնավոր կյանքի և բնակարանի անձեռնմխելիություն, սեփականության իրավունք, ընտանեկան իրավունքներ, օրենքի և դատարանի առջև հավասարություն, խղճի և դավանանքի ազատություն և այլն, պետք է երաշխավորվեն ու պաշտպանվեն պետության կողմից:

Հասարակությունում կարգ ու կանոն պահպանելու նպատակով պետական իշխանությունը կատարում է հետևյալ գործառույթները.

  1. պաշտպանում է անձի իրավունքներն ու ազատությունները,
  2. հոգ է տանում համընդհանուր բարօրության համար,
  3. իրագործում է արդարություն (Հռոմ 13.1),
  4. սատարում է օրինապահ քաղաքացիներին (Հռոմ. 13.3),
  5. պատժում է հանցագործներին (Հռոմ. 13.2-4),
  6. պաշտպանում է քաղաքացիներին ներքին և արտաքին թշնամիներից (Հռոմ. 13.4),
  7. հավաքագրում է հարկեր և մաքսեր (Հռոմ. 13.6): Հարկերի և մաքսերի հավաքագրումը պետք է դիտարկել որպես օրենքով սահմանված անհրաժեշտություն` երկրի տնտեսական բարգավաճման, սոցիալական հիմնահարցերի լուծման և պաշտպանունակության ապահովման համար:

ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Ամեն մարդ իր վրա եղած իշխանություններին թող հնազանդվի…» (Հռոմ. 13.1):

Քրիստոնյան, ինչպես նաև հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է հնազանդ լինի իշխանություններին և ապրի իր երկրի օրենքների համաձայն: Քաղաքացիների պարտքն է պետական իշխանություններին հնազանդությունը և նրա կողմից ընդունած օրենքների հարգումը, եթե միայն դրանք ուղղված չեն խղճի և դավանանքի ազատության սահմանափակմանը և չեն դրդում հավատացյալներին գործելու քրիստոնեական բարոյականությանը հակասող արարքներ (Գործք 4.19, 5.29): Պողոս առաքյալը նշում է, որ Հիսուս Քրիստոսին հավատացողները պետք է հնազանդ լինեն պետությանը և չչարախոսեն կառավարությանը (Տիտ. 3.1):

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համոզմունքը, որ պետությունն Աստծո կողմից հաստատված համակարգ է, բնավ չի նշանակում, որ պետական համակարգի առանձին պաշտոնյան` անկախ նրա աստիճանից, կարող է վարվել իր հայեցողությամբ` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը: Պետական ծառայողը չի կարող օգտագործել իր դիրքը հասարակության շահերին ի վնաս կամ չկատարել իր ստանձնած գործառույթները: Պետական պաշտոնյան, երբ բարեխղճորեն կատարում է օրենքով սահմանված պարտականությունները, դառնում է նաև Աստծո ծառան (Հռոմ. 13.4): Պարտականությունները պարտաճանաչ կատարելու համար պարտադիր չէ, որ պետական ծառայողը լինի քրիստոնյա:

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Այն պարագաներում, երբ պետությունը, ի հակադրություն իր համար կանխորոշված գործունեության դաշտի, ընդունում է օրենքներ, որոնք արգելում են ազատ պաշտամունքները, եկեղեցական արարողությունները, Ավետարանի քարոզությունը կամ ստիպում են հավատացյալներին կատարել Աստծո կամքին և քրիստոնեական բարոյականությանը հակասող քայլեր, սույն Միությունը իրեն և իր անդամներին իրավունք է վերապահում վարվել սեփական խղճմտանքի և ավետարանական համոզմունքների համաձայն (Գործք 4.18,19, 5.28,29):

Եկեղեցու և պետության միջև տարաձայնությունների առաջացման դեպքում ապստամբությունը, խռովությունը, քաղաքացիական անհնազադության ու բռնության կոչերը չեն հանդիսանում խնդրի լուծման Աստծո միջոցները, հետևաբար նաև կիրառելի չեն Միությա համար: Այդպիսի իրադրությունների պարագայում Համագործակցության միջոցներն են՝

  1. փոխըմբնռման և խաղաղ ելքի փնտրումը (Գործք 4.18),
  2. Աստծո կամքի վկայակոչումը և քարոզչությունը (Գործք 4.26-29, 5.29-32),
  3. աղոթքը և ծոմապահությունը (Ա Տիմ. 2.3, Մատթ. 6.16-18):

Եկեղեցին նաև իրավունք ունի օգտագործել Սահմանադրությամբ և պետության գործող օրենսդրությամբ տրված բոլոր միջոցներն ու հնարավորությունները` իր իրավունքների ոտնահարումը կանխելու, ինչպես նաև խախտված իրավունքները վերականգնելու համար:

ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆՋԱՏ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Մենք ընդունում ենք աշխարհիկ պետության մոդելը. Եկեղեցին անջատ է պետությունից, ինչը նշանակում է, որ պետությունն իրավունք չունի միջամտել Եկեղեցու` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, իսկ Եկեղեցին էլ իր հերթին չի միջամտում պետության կառավարման գործերին: Աստվածաշնչում կա մի քանի դեպք, երբ առաքյալները վկայում էին պետական ծառայողներին նրանց հոգիների փրկության անհրաժեշտության մասին, բայց նրանք երբեք չեն թելադրել` ինչպես կառավարել պետությունը (Գործք 26.28; 24.25):

ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

Չնայած Եկեղեցին անջատ է պետությունից, սակայն վերջիններս կարող են հանուն հասարակության բարօրության համագործակցել մի շարք բնագավառներում: Սույն Միության և պետության միջև փոխգործակցության հնարավոր ոլորտներն են`

  • հասարակությունում բարոյականության պահպանումը,
  • հոգևոր, բարոյական և հայրենասիրական կրթությունն ու դաստիարակությունը,
  • գթասիրական և բարեգործական ծրագրերը,
  • պետական իշխանության ներկայացուցիչների և Եկեղեցու միջև երկխոսության պահպանումը` որոշակի օրենքների, իրավական ակտերի և որոշումների պատրաստման և ընդունման հարցերի վերաբերյալ,
  • կրկնահանցագործության կանխարգելումն ու խնամատարությունն այն անձանց, ովքեր գտնվում են ազատազրկման վայրերում,
  • գիտությունը,
  • առողջապահությունը,
  • շրջակա միջավայրի պահպանությունը,
  • տնտեսական գործունեությունը,
  • ընտանիքի, մայրության և երեխաների հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործունեությունը,
  • միջազգային, միջէթնիկական և քաղաքացիական մակարդակներում բարեգործությունը:

Գոյություն ունեն ոլորտներ, որտեղ Եկեղեցին չի կարող համագործակցել պետական համակարգերի հետ.

  • քաղաքական պայքարը, նախընտրական քարոզչությունը, այս կամ այն քաղաքական կուսակցությանը և քաղաքական գործիչներին աջակցելը,
  • մասնակցությունը հետախուզական և նմանատիպ այլ գործունեությունում:

 

ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ժողովրդավարական հասարակությունների մեջ իշխանությունների ձևավորման և հույժ կարևոր ազգային խնդիրների նկատմամբ քաղաքացու կամքի արտահայտման հիմնական միջոցներն են ընտրությունը և հանրաքվեն: Սույն Միությունը իր անդամների շրջանում որևէ անձի կամ կուսակցության օգտին քվեարկելու քարոզչություն չի իրականացնում: Միության անդամները` որպես ՀՀ քաղաքացիներ, առաջնորդվելով իրենց խղճի թելադրանքով, սեփական համոզմունքներով և հայացքներով, մասնակցում են ընտրություննրին` քվեարկելով իրենց նախընտրած թեկնածուի օգտին:

Եկեղեցին տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց կոչ է անում խաղաղության և համերաշխության: Միության անդամները` ծառայողները, այցելուները, կարող են ունենալ քաղաքական տարբեր համոզմուքներ, բացառությամբ այնպիսիները, որոնք հստակ տանում են Միության ուսմունքներին և քրիստոնեական բարոյականությանն ակնհայտորեն հակասող գործողությունների:

Եկեղեցու բարձրաստիճան հոգևոր ծառայողները չեն կարող մասնակցել քաղաքական կազմակերպությունների գործունեությանը, նախընտրական գործընթացներին, ինչպիսիք են` քաղաքական կազմակերպություններին կամ առանձին թեկնածուներին բացահայտ աջակցելը, նրանց օգտին քարոզչությունը և այլն: Նրանք չեն կարող նաև առաջադրել իրենց թեկնածությունը ցանկացած մակարդակի ընտրություններում: Միևնույն ժամանակ ծառայողներին և այցելուներին ոչինչ չպետք է խոչընդոտի մյուս քաղաքացիների հետ համահավասար մասնակցելու քվեարկությանը:

Սույն Միությունը կուսակցություններ չի ստեղծում:

Քաղաքական կուսակցությունների գործունեության մեջ և նախընտրական գործընթացներում Միության մասնակցության առարկումն ամենևին չի նշանակում, որ նա չի կարող բացահայտ արտահայտել իր դիրքորոշումը հասարակական կաևորության հարցերի վերաբերյալ և իր մոտեցումները ներկայացնել կառավարական մարմիններին: Նման դիրքորոշումը Միության անունից արտահայտում են Միության ղեկավարությունը և նրա լիազորված անձինք:

Ոչինչ չի արգելում հավատացյալներին` ներգրավված լինելու իշխանության օրենսդրական, գործադիր և դատական ճյուղերում, ինչպես նաև քաղաքական կուսակցություններում:

Հավատացյալները` որպես քաղաքացիներ, կոչված են կատարելու իրենց քաղաքացիական պարտքը, մասնակցելու բոլոր մակարդակների իշխանությունների ընտրություններին: Պետական կամ քաղաքական գործունեություններում մասնակցություն ունեցող հավատացյալներն անհատապես կամ տարբեր կազմակերպությունների շրջանակներում դա անում են ինքնուրույն՝ առանց նույնացնելու իրենց դիրքորոշումը Համագործակցության դիրքորոշման հետ և ելույթ չունենալով նրա անունից: Բացի այդ, Համագործակցությունը չի տալիս իր հատուկ օրհնությունը հավատացյալների քաղաքական գործունեությանը:

Սույն Միությունը կողմ է հասարակական բոլոր այն գործընթացներին, որոնք նպաստում են ազգային համերաշխությանը և հասարակական բոլոր խնդիրներում փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը:

Մենք ընդունում ենք, որ`

  • բարեպաշտ, բարոյական և առաքինի մարդիկ կարող են տարակարծիք լինել քաղաքական և սոցիալական հարցերում,
  • մենք` որպես քրիստոնյաներ, կարող ենք ծառայել մեր հասարակության և պետության բարօրությանը տարբեր համակարգերում` պահպանելով քրիստոնեական բարոյական նորմերը և եկեղեցու ու պետության տարանջատման սկզբունքը,
  • հանդուրժողականության ձևավորումը, կառուցողական քննարկումների առկայությունը միաբանում են մարդկանց, բարելավում հասարակությունը և պահպանում կրոնական ազատությունը:

Մենք չենք ընդունում`

  • հասարակական ինստիտուտները (կրթական, սոցիալական հաստատությունները, հասարակական միավորումներն ու քաղաքական կուսակցությունները) քաղաքացիների շրջանում որպես կրոնական հայացքների տարածման միջոցներ օգտագործելու փորձերը,
  • քաղաքական և օրենսդրական գործընթացների վրա ազդելու այն փորձերը, որոնք ուղղված են երկրի քաղաքացիների` սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների ոտնահարմանն ու սահմանափակմանը,
  • պետական հաստատությունների օգտագործումը հասարակությանը որևէ կրոնական առանձին հայացքներ պարտադրելու փորձերը,
  • այն տեսակետը, ըստ որի` ով մեր հայացքների հետ համաձայն չէ, պետք է նրան համարել անբարոյական, անբարեպաշտ, հակառակորդ,
  • հասարակությունը պառակտելու, կրոնական անհանդուրժողականություն, թշնամանք և ատելություն սերմանելու նպատակով քաղաքական գործընթացներն օգտագործելու մղումը:

Մեր հասարակության ցանկացած անձ թանկ է Աստծո համար` անկախ նրա հասարակական դիրքից: Որևէ անձի արժեքը չի որոշվում ըստ նրա համայնքային, կրոնական կամ քաղաքական հայացքների, ազգային կամ ազգակցական պատկանելության: Այդ կատեգորիաներով մարդկանց տարանջատումը բարոյալքում է հասարակությանը և բեկանում մարդկանց վստահությունը հասարակական ցանկացած գործընթացի նկատմամբ` օտարելով նրանց հանրային կյանքից:

Բոլոր մարդկանց հավասար հնարավորությունները, ինչպես նաև մարդկանց հավասարությունը օրենքի առջև` անկախ նրանց հասարակական դիրքից, այն երաշխիքն է, որի կենսական կարիքն ունեն բոլոր ժողովուրդները:

Աստված Ինքը մարդու համար ստեղծել է փրկության և Իր երկնային բարիքներից օգտվելու հավասար հնարավորություններ` ընտրության ազատ իրավունքը թողնելով նրան:

 

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՐԱՆՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԿՐՈՆՆԵՐ

Պատմության ընթացքում առաջացել են քրիստոնեության տարբեր ուղղություններ՝ կաթոլիկներ, ուղղափառներ և բողոքականներ: Մենք հիմք ենք ընդունում այն դավանանքը, որը հռչակվել է 325թ. Նիկեայում` Եկեղեցու առաջին տիեզերական համաժողովի, ինչպես նաև 381թ. Կոնստանդնուպոլսում` Եկեղեցու երկրորդ տիեզերական համաժողովի ժամանակ, որն էլ հայտնի է «Նիկեական հավատո հանգանակ» անվամբ:

Բացի այդ, մենք պահպանում ենք բողոքական բարեփոխման հինգ հիմքերը.

  1. Միայն Գրվածքները (Sola Scriptura),
  2. Միայն Քրիստոսը (Sola Christa),
  3. Միայն շնորհքով (Sola Gratia),
  4. Միայն հավատով (Sola Fide),
  5. Փառքը միայն Աստծուն (Soli Deo Gloria):

Ի վերջո, մենք հռչակում ենք, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին տիեզերական է, այն ունի մեկ ճշմարտություն և հանդիսանում է մեկ Մարմին՝ բազմաթիվ անդամներով: Համագործակցությունը խիստ հարգալից է վերաբերվում Հայաստանյայց Առաքելական, ինչպես նաև կաթոլիկ, ուղղափառ և բողոքական եկեղեցիներին: Մենք համոզված ենք, որ Աստվածաշնչի համաձայն՝ հարկավոր է պահպանել շփումը տարբեր հարանվանությունների հետ` քրիստոնեական արժեքների հաստատման նպատակով:

Քրիստոնեության մեջ որոշ ավետարանական ուղղությունների և հարանվանությունների առաջացումը և դրանց հետևանքով ստեղծված եկեղեցական համայնքներն առաքյալների վարդապետության դրժված, խեղաթյուրված կամ մոռացված դրույթների վերականգնման ձգտումներ էին, որոնց իրական արմատը Աստծո որոնումն ու Աստծո կարիքն էր:

Մեր համոզմամբ` այդ սերունդներին տրված հայտնությունը և դրա արդյունքում կուտակված հարուստ քրիստոնեական փորձառությունն ու ժառանգությունը այսօր նաև մեր հոգևոր գանձարանի մեկ մասն է կազմում: Այդ պատճառով մենք ձգտում ենք տարբեր եկեղեցիների հետ եղբայրական սիրով հաղորդակցությանը և հավատքի միասնականությանը ավետարանական հիմնարար սկզբունքների շուրջ` պահպանելով եկեղեցական առանձնահատկությունները:

Համոզված ենք, որ ուղղադավան եկեղեցիների համատեղ ջանքերն ազգանպաստ ծառայությունների մեջ մեծապես կօժանդակի հայ ժողովրդի հոգևոր և նյութական զարգացմանն ու համերաշխությանը, ինչպես նաև եկող սերնդին կթողնի այն ժառանգությունը, որը զերծ կպահի նրան ապագա սխալներից:

Կեղծ քրիստոնեական և մոլորեցուցիչ ուսմունքների դեմ եկեղեցիների պայքարն այսօր չի կարող հաջողության հասնել կրոնական անհանդուրժողականության մթնոլորտ կամ համայնքային ատելություն հրահրելու միջոցով: Առավել ևս որևէ բռնություն չի կարող, վերջին հաշվով, կասեցնել սխալ ուսմունքների զարգացումը:

Մեր հասարակության աստվածաշնչային գրագիտության աճը, կարևոր խնդիրների շուրջ պարզաբանումներն ու երկխոսությունը և, որ ամենակարևորն է, Ավետարանի քարոզությունը միակ ազդեցիկ միջոցներն են կեղծ ուսմունքների դեմ պայքարում: Ներկայիս քաղաքակրթությունը չի հանդուրժում այլևս կրոնական համոզմունքների հիման վրա բռնությունները և հետապնդումները: Այդ մեթոդներն անընդունելի են նաև քրիստոնեական բարոյականության տեսանկյունից:

ԱՅԼ ԿՐՈՆՆԵՐ

Աստվածաշունչը, որը հանդիսանում է մեր ուսմունքի հիմքը, միանգամայն Աստծո շունչն է, այն մեզ է փոխանցում Աստծո կամքը մարդու փրկության վերաբերյալ: Մենք հավատում ենք, որ բոլոր մարդիկ արարված են Աստծո պատկերով ու նմանությամբ, Նրա փառքի և այն բանի համար, որ փրկություն ստանան մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով:

Մենք ընդունում ենք, որ գոյություն ունեն տարբեր կրոններ, ինչպիսիք են քրիստոնեությունը, հուդայականությունը, իսլամը, հինդուիզմը, բուդդիզմը և այլն: Յուրաքանչյուր կրոն ունի իր տեսակետը Աստծո, մարդու, կյանքի, մահվան և տիեզերքի վերաբերյալ: Քրիստոնեական հավատը պահպանում է մարդու խղճի և դավանանքի ազատության և նրա ընտրության իրավունքը, այսինքն` նա ազատ է անձամբ ընտրելու իր կրոնը կամ չդավանելու ոչ մի կրոն: Մենք գտնում ենք, որ հասարակությունում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ձգտել մարդկանց մեջ դաստիարակելու հանդուրժողականություն տարբեր աշխարհայացքներ ունեցող անձանց նկատմամբ: Պատմության ընթացքում շատ մարդիկ են հալածվել կրոնական անհանդուրժողականության պայքարում, ինչպես նաև մարդու խղճի և կրոնական դավանանքի ազատության իրավունքը պաշտպանելու համար:

Մենք խաղաղության, համերաշխության, հանդուրժողականության և հարգանքի կոչ ենք անում տարբեր կրոնական համոզմունքների հետևորդների, բարի կամքի տեր բոլոր մարդկանց հանդեպ, ինչպիսին էլ որ լինի նրանց աշխարհայացքային ընտրությունը:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՕԿՈՒԼՏԻԶՄԻ ՀԱՆԴԵՊ

Վերջին տարիներին մեր երկրում լայն տարածում են գտել ոգեհարցությունը և նմանօրինակ տարբեր զբաղմունքները (հորոսկոպներ, գուշակություններ, կախարդություններ, սև և սպիտակ մագիա, հիպնոս, էքստրասենսորիկա, հեքիմություն, պայծառատեսություն, հմայություն և այլն): Աստվածաշնչում պարզ գրված է.

«Եվ երբ ձեզ ասեն, թե` շշնջող և քրթմնջող վհուկներին ու նշանագետներին հարցնենք, այն ժամանակ ասեք` ժողովուրդն իր Աստծուն չպիտի՞ հարցնի: Ապրողների մասին մեռածների՞ց հարցնենք» (Եսայի 8.19):

Աստվածաշունչը կտրականապես արգելում է շփումը խավար ուժերի հետ: Օկուլտիզմով զբաղվելն արտահայտում է մարդու անհնազանդությունն Աստծուն: Օկուլտիզմը սատանայի զենքերից մեկն է: Նա ամեն հնարավոր բան անում է, որպեսզի մարդն առանց այդ հասկանալու հայտնվի Աստծուն թշնամի ուժերի կողմում: Օգտագործելով աստվածաշնչյան գիտելիքների մարդկանց չիմացությունը, սուտը, բամբասանքը և տարբեր գայթակղություններ՝ սատանան մարդկային հոգում խավար է սերմանում: Օկուլտիզմը կեղծ աստվածներին երկրպագելու ամենավտանգավոր ձևն է, երբ մարդը չի ընդունում ճշմարիտ Աստծուն:

Այսօր դրանց որոշ տեսակները հանդես են գալիս քրիստոնեական հավատքի որոշ տարրերով համեմված տեսքով` անկեղծ քրիստոնյաներին դրանց մեջ ներքաշելու նպատակով, ինչը երբեմն հաջողվում է: Եկեղեցիները պարտավոր են համատեղ ջանքերով պայքար մղել օկուլտիզմի տարբեր դրսևորումների և դրանց մասսայականացման դեմ:

 

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տնտեսության մեր հասկացողության հիմքում ընկած է երկու փաստ.

  1. Երկիրը ստեղծված է Աստծո կողմից և օրինավորապես պատկանում է Նրան: Իր հերթին՝ Նա մարդկանց է տվել երկրի բարիքները կառավարելու իրավունքը (Ծննդ. 1. 27, 28):
  2. Մարդկության մեղանչելու պատճառով անկում ապրած արարչագործությունը և մարդկանց միջև հարաբերությունները, ներառյալ տնտեսականը, իրենց վրա կրում են մեղքի կնիքը և չեն կարող կատարյալ լինել:

Տնտեսական ոչ մի համակարգ` լինի դա կապիտալիստական, սոցիալիստական, կոմունիստական կամ մեկ այլ, չի կարող փրկել մարդուն և բավարարել նրա ամենաթաքնված կարիքները: Լավագույն դեպքում՝ գերզարգացած տնտեսական համակարգը կարող է ապահովել հասարակության մեծամասնության նյութական գոյությունը:

Տնտեսական ոչ մի համակարգ չի կարող կոչվել զուտ քրիստոնեական, բայց և այնպես, որոշ համակարգեր համեմատության եզրեր ունեն Աստծո Խոսքի հետ: Տնտեսական ոլորտում աստվածաշնչյան հիմնական սկզբունքներն են`

  1. սեփականության իրավունքը,
  2. ձեռնարկատիրության ազատությունը,
  3. ջերմեռանդ աշխատանքը,
  4. բարեգործությունը:

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեր Հիսուս Քրիստոսը, առաքյալները, ինչպես նաև Հին ուխտի մարգարեները շատ անգամ են հաստատել մարդու սեփականության իրավունքը (Ես. 65.21-23; Մարկ. 12.1-9; Մատթ. 25.14-30): Սեփականությունն անձեռնմխելի է, և Եկեղեցին չի միջամտում հավատացյալի սեփականության կառավարմանը: Անձն ազատ է իր սեփականությունը ցանկացած ձևով օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու` ներառյալ Եկեղեցուն նվիրաբերելու հարցում: Քրիստոնեության պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հավատացյալները որոշում են կայացրել մասամբ կամ լիովին հրաժարվել իրենց սեփականությունից: Մի քանի վկայություններ մենք գտնում ենք Գործք առաքելոց գրքում (2. 44, 45):

Աստվածաշունչը չի տալիս նախապատվություն սեփականության ոչ մի ձևի: Սեփականության մասնավոր, հանրային, պետական, կորպորատիվ և այլ ձևերը գոյության հավասար իրավունք ունեն, և պետության հիմնական գործառույթներից մեկն է սեփականության բոլոր ձևերի պաշտպանումը ոտնձգություններից: Սեփականության ինքնակամ վերաբաժանումը և օտարումն արգելված են, քանի որ հանդիսանում են Աստծո հիմնարար պատվիրանների խախտում, մասնավորապես` «Մի՛ գողացիր» (Ելից 20.15):

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ձեռնարկատիրությունը մարդու ստեղծագործ էության անմիջական արտահայտումն է, մարդու, որ ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ, այդ իսկ պատճառով մարդկային գործունեության այս ձևին պետք չէ խոչընդոտել ավելորդ բյուրոկրատացումով, մենաշնորհացումով և այլ միջոցներով:

Ազատ ձեռնարկատիրությունը և մասնավոր սեփականության իրավունքը տնտեսական արդյունավետ համակարգի հիմքերն են: Նախաձեռնությունն ու ջերմեռանդ աշխատանքը արժանի են արդարացի վարձատրման: Մյուս կողմից` քրիստոնեական մոտեցմամբ մասնավոր սեփականությունը եսասիրական ցանկությունների բավարարման միջոց չէ, այլ մեզ և ուրիշներին բարիք գործելու հնարավորություն:

Գոյություն ունի կարծիք, որ ներկայիս տնտեսական համակարգերի խիստ մրցակցությունը մարդուն դարձնում է ինքնամփոփ և եսակենտրոն: Մեր համոզմամբ՝ նման եզրակացություններն օբյեկտիվ չեն: Ազատ շուկայական տնտեսություն ունեցող շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ ճիշտ մրցակցությունը մարդկանց դրդում է համագործակցության, քանի որ արդյունավետ արտադրությունը պահանջում է մասնագիտացում և գործակցում:

Հենց մասնագիտացումն է բերում աշխատանքի արտադրողականության աճի և ապրանքների ու ծառայությունների արժողության նվազման, ինչն էլ դրանք ավելի մատչելի է դարձնում ցածր եկամուտներ ունեցող մարդկանց համար: Մրցակցությունն ունի ևս մի կարևոր առավելություն. այն հաստատում է յուրաքանչյուր մարդու յուրահատկությունն ու արժեքավորությունը:

ՓՈՂ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՐԻՔՆԵՐ

Աստվածաշունչը չի դատապարտում հարստությունը որպես այդպիսին: Աբրահամը, Հոբը, Սողոմոնը և շատ այլ աստվածաշնչյան բարեպաշտ հերոսներ ունևոր մարդիկ էին: Բայց դրա հետ մեկտեղ մենք գիտակցում ենք, որ նյութական բարեկեցությունն ինքնըստինքյան չի երաշխավորում երջանիկ և բավարարված կյանք (Ղուկ. 12.15): Աստվածաշունչը բազմաթիվ անգամ զգուշացնում է, որ փողասիրությունը հանդիսանում է շատ պրոբլեմների պատճառ (Ա Տիմ. 6.9-11) և մարդուն տանում է այլասերման: Կյանքի որակի շարունակ լավացումը չպետք է դառնա ինքնանպատակ, ինչը մարդկանց դարձնում է միայն սպառողներ:

Այսօր լայնորեն տարածված են տնտեսական տեսություններ, որոնց համաձայն՝ հարստության հիմնական աղբյուր է հանդիսանում մարդու կողմից մարդու շահագործումը: Մեր կարծիքով՝ դա այնքան էլ այդպես չէ, չնայած միմյանց հանդեպ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ օրինակներին: Ձեռնարկատիրության ազատությունը և մասնավոր սեփականությունը ոչ միշտ են հանգեցնում շահագործման: Հարստությունը կարող է լինել նաև մարդկանց ստեղծագործական և նախաձեռնողական ջանքերի և ոչ ապօրինի և վնասակար տնտեսական և առևտրային գործունեության հետևանք։

Սոցիալական արդարությունը պահանջում է, որ բոլոր մարդիկ` անկախ սեռից, ռասայից կամ սոցիալական ծագումից, հավասար լինեն օրենքի առջև և ունենան դրանից բխող հավասար հնարավորություններ: Սակայն անպայման չէ, որ դա ենթադրի նյութական բարեկեցության միևնույն մակարդակ: Ճիշտ հակառակը՝ աշխատասիրությունը, ջանասիրությունը, նախաձեռնությունը և ստեղծագործ մոտեցումն արժանի են ավելի բարձր եկամուտների տեսքով հատուցման:

ԱՇԽԱՏԱՆՔ

Մարդու արարման պահից սկսած` աշխատանքը հանդիսանում է նրա կյանքի բնական տարրը, Աստծո սկզբնածրագրի անբաժան մասը (Ծննդ. 2.15): Մեղանչումից հետո աշխատանքի իմաստը փոխվեց: Աշխատանքի ստեղծագործող մասը նվազեց, այն վերածվեց գոյությունը պահպանելու համար միջոցներ հայթայթելու ձևի: Բայց, չնայած դրան, հենց աշխատանքի շնորհիվ այսօր մարդն ունի ստեղծագործելու և ինքնարտահայտման հնարավորություն, որը Աստծուն նրա նմանության անվիճելի վկայությունն է: Աշխատանքի շնորհիվ մարդը հնարավորություն ունի բավարարել իր նյութական կարիքները, ինչպես նաև հոգ տանել նրանց մասին, ովքեր ի վիճակի չեն աշխատել իրենց համար:

Աստվածաշունչը առավելություն չի տալիս մարդկային գործունեության որևէ մի տեսակին: Աստծո սկզբունքների համաձայն՝ ցանկացած գործունեություն հաճելի է Տիրոջը և օրհնված է Նրա կողմից: Եսասիրական շահերը բավարարող, մեղքը տարածող գործունեությունը տհաճ է Աստծուն և այլասերում է հասարակությունը:

Աշխատողներն ունեն վարձատրման իրավունք (Ա Կորնթ. 9.7-10): Մարդու կողմից մարդու շահագործումը, շրջապատող անձանց հանդեպ անարդարացի վերաբերմունքը հանցանք են և անխուսափելիորեն հանգեցնում են սոցիալական ցնցումների: Աստվածաշունչը պարզ ասում է.

«Քո դրացուն զրկանք մի՛ արա և հափշտակություն մի՛ արա, վարձքով աշխատողի օրական վարձքը մեկ գիշեր մինչև առավոտ թող ձեզ մոտ չմնա» (Ղևտ. 19.13):

Իրենց հերթին՝ վարձու աշխատողները նույնպես կրում են որոշակի պատասխանատվություն: Աստված նրանց կոչ է անում աշխատել ջանասիրաբար (Եփես. 6.5-8):

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Բարեգործությունը վառ ապացույցն է այն բանի, որ մարդիկ են Աստծո սեփականության կառավարիչները: Աստվածաշունչը բազմաթիվ անգամ կոչ է անում մեզ՝ հոգ տանել նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող հոգալ իրենց կարիքները (Երկրորդ Օրինաց 24.19-22): Ցավոք, մերօրյա ժամանակներում անշահախնդիր բարեգործությունն ավելի հազվագյուտ է դառնում:

Թեև կյանքի նյութական կողմը պակաս նշանակություն չունի, չի կարելի մարդուն` ամբողջական անհատին, արժևորել՝ նայելով նրան միայն տնտեսական օգտակարության լույսի ներքո: Աղքատությունը, հարստությունը կամ տնտեսական արդյունավետությունը մարդու արժանապատվության գնահատման կատարյալ չափորոշիչը չեն:

 

ՄՇԱԿՈՒՅԹ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Ժամանակակից գիտությունը (հումանիտար և բնական) գտնվում է զարգացման բարձր մակարդակի վրա: Գոյություն ունի թյուր համոզմունք, որ գիտությունը կարող է զարգանալ հոգևոր-բարոյական սկզբունքներից անկախ: Մարդկային նորմալ կյանքի վերածննդի համար հարկավոր է վերադառնալ գիտական իմացության ու հոգևոր արժեքների կորսված կապին:

Գերմանացի ֆիզիկոս, 1954 թվականի Նոբելյան դափնեկիր Մաքս Բորնն իր «Իմ կյանքը և հայցքները» գրքում գրում է. «Դեռ ոչ ոք միջոցներ չի գտել մարդկային հասարակության կայունության համար՝ առանց ավանդական էթիկական սկզբունքների օգնության, և ոչ ոք չգիտի, թե գիտական մեթոդներով ինչպես պետք է հիմնավորել ավանդական էթիկական նորմերը»: Այնուհետև նա շարունակում է. «Քրիստոսը սովորեցնում էր, թե մարդն ինչպես պետք է վերաբերվի մարդուն»:

Մեր համոզմամբ` Աստծո նկատմամբ հավատքը բարոյական նորմերի համակարգի համար կայուն և անփոփոխ հիմք է ստեղծում: Անգամ աթեիստական բարոյական դաստիարակության շատ հիմունքներ փոխառված էին Աստվածաշնչից: Ռացիոնալիզմի և աթեիզմի կողմից գիտության և հավատքի միջև հակասության գաղափարախոսության շեշտադրման նպատակը մարդկային կյանքից ու պրակտիկայից կրոնի և հավատքի վերացումն է եղել:

Մինչդեռ գիտությունն ու մշակույթն իրենց առաջացման համար պարտավոր են կրոնին. դրանք կյանք են ստացել նրա ներսում դեռևս վաղ ժամանակներում, կային և գոյություն ունեն մինչ այսօր, կապված են սերտ կապերով և համագործակցում են միմյանց հետ: Գիտությունն ու փիլիսոփայությունն առաջացել են աշխարհի հանդեպ կրոնական հայացքներն իմաստավորելու փորձերից:

Միջին դարերում Եկեղեցին մնացել էր միակ մշակութային օջախը Եվրոպայում, որ պահպանել էր անտիկ գիտության սերմերը: Վանական միաբանությունները հավաքում էին հնագույն գրականությունը` իրենց պատերի ներսում համատեղելով այդ դարաշրջանի գիտության բոլոր գանձերը:

Մենք կարող ենք համոզված լինել հետևյալում.

  1. Պատմության գրեթե ողջ ընթացքում կրոնն ու գիտությունը կարող էին ազատ զարգանալ` առանց խոչընդոտելու միմյանց: Գիտությունն ուսումնասիրում է, այսպես կոչված, տեսանելի աշխարհը ժամանակատարածային կատեգորիաներում: Նրա ուսումնասիրության առարկան նյութական տիեզերքն է: Իսկ կրոնը աշխարհը բացատրում է վերբնական և հավատամքային կատեգորիաներով, որը նույնպես իրականության ճանաչման կերպ է։
  2. Գիտությունը և գիտական մեթոդը բնության մեջ տեղի ունեցող պրոցեսների և դրանցում գործող օրենքների հայտնաբերումը և հավաքագրումն է, պարզապես փաստերի գրանցումը և արձանագրումը, որոնք հիմք կարող են հանդիսանալ ապագա հայտնագործությունների համար։ Կրոնական մեթոդը Աստծո կողմից դրված սկզբունքներով և չափանիշներով աշխարաճանաչումն է հատկապես նրա անտեսանելի հոգևոր բնույթի ճանաչումը, որի մեջ գիտությունը անելիք չունի, ինչպես նաև գիտական ձեռքբերումները չեն կարող որևե կերպ օգտագործվել կրոնի համար որպես քարոզվող դրույթների հիմնավորման միջոցներ։ Եբրայեցիս 11։3

«Ինչ որ Աստծո մասին պետք է իմանալ` իրենց մեջ հայտնի է, որովհետև Աստված նրանց հայտնեց: Քանզի աներևույթ բաները աշխարհի սկզբից ստեղծվածներով կիմացվեն, կտեսնվեն, այսինքն Իր մշտնջենավոր զորությունը ու աստվածությունը…» (Հռոմ. 1.19, 20):

Անհրաժեշտ է հատուկ նշել, որ լոկ բնագիտության փաստերի վրա կառուցված «աշխարհայացք» գոյություն չունի: Կյանքի, բարու և չարի նշանակության բարձրագույն կատեգորիաները վերաբերում են հավատքի ոլորտին: Կրոնը մարդուն տալիս է գիտելիք այն մասին, թե ինչի համար է նա ապրում: Գիտությունը չի կարող պատասխանել այս հարցին, այն ուղղակի փորձում է հասկանալ` ինչպես է ստեղծված նյութական աշխարհը: Գիտության ուսումնասիրման ոլորտը մեծ մասամբ գաղափարի ոլորտն է: Բայց մարդը չի կարող և չպետք է սահմանափակի իրեն միայն այդ ոլորտով: Կրոնական աշխարհայացքը մի ամբողջական շրջան է, որում գտնվում է մարդկային ողջ կյանքը` ներառյալ գիտության ծարավը, բնական աշխարհի գիտական փորձառությունները:

Բարոյական արժեքների հանդեպ գիտնականի անտարբերությունը մեծ վտանգի աղբյուր կարող է դառնալ հասարակության համար: Մաքս Բորնը նույն գրքում գրում է. «Դրա համար բավական կլիներ ամբողջ լրջությամբ վերաբերվել Քրիստոսի ուսմունքին և չարն ու բարին չափել ոչ թե ազգային, այլ համամարդկային չափով: Պատմության մեջ դեռ երբեք այս պահանջն այսքան ստիպողական չի եղել, դեռ երբեք այն կատարելուց հրաժարվելու դեպքում պատիժն այսքան ակնհայտ չի եղել»: Այսպիսով` գիտությունն ու կրոնը` իրականության բացահայտման այս երկու ուղիները, պետք է հատվեն բարոյական ընկալումների դաշտում, նրանք պետք է նպաստեն մարդկության ընդհանուր առաջընթացին դեպի ճշմարտության ուղին: Մենք գտնում ենք, որ գիտությունը և հավատքը մարդկային էության, կյանքի և գործունեության իրարից տարբերվող, սակայն միմյանց չհակասող և փոխադարձ լրացնող ոլորտներին են վերաբերում, և դրանց ներդաշնակ ու ազատ զարգացումը կենսական նշանակություն ունի մարդկության համար: 

Միևնույն ժամանակ, չնայած քրիստոնեության և գիտական հետազոտությունների համագործակցության դրական ազդեցությանը` ներկայումս ավելի շատ խորացումներ են նկատվում դեպի աշխարհականացված գաղափարախոսությունների գիտություն: Գիտությունը դուրս է գալիս հոգևոր ազդեցության տիրույթից և խզում է կապը հոգևոր-բարոյական արժեքների հետ, ինչն էլ ծանր հետևանքների է հանգեցնում, ինչպիսիք են, օրինակ` էկոլոգիական ճգնաժամերը: Նման բացասական հետևանքները կաճեն ժամանակակից հասարակության գիտատեխնիկական զարգացման հիմքում դրված սխալ սկզբունքի պատճառով: Այդ սկզբունքը հիմնվում է կանխամտածված որոշման վրա, որ հասարակության զարգացումը չպետք է սահամանափակված լինի որևէ բարոյական, փիլիսոփայական կամ կրոնական պահանջով: Սակայն նման «ազատության» պարագայում գիտատեխնիկական զարգացումը հայտնվում է մարդկության արատների` փառասիրության, հպարտության, շահասիրության և առավել հարմարավետության իշխանության ներքո: Դա խախտում է կյանքի հոգևոր ներդաշնակությունը` այստեղից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Այսօր մարդկային կանոնավոր կյանքն ապահովելու համար անհրաժեշտ է վերադառնալ դեպի գիտության և հոգևոր-բարոյական արժեքների կապին, և մարդուն զուտ սոցիալական էակ դիտելուց բացի նրան դարձնել հոգևոր անհատ ՝ հոգևոր և ավանդական բարոյական արժեքների կրող:

Եկեղեցին զգուշացնում է մարդուն՝ գիտությունը որպես բարոյական սկզբունքներից միանգամայն անկախ ոլորտ դիտարկելու գայթակղությունից: Կյանքի ավետարանական նորմերը հնարավորություն են տալիս անհատին դաստիարակելու այնպես, որ նա ստացած գիտելիքները չօգտագործի որպես չարիք: Եկեղեցին և գիտությունը կանչված են համագործակցելու հանուն երկրի վրա կյանքի փրկության և անհրաժեշտ կենսամակարդակի ապահովման:

Եկեղեցին նախազգուշացնում է` չփորձել մարդու ներաշխարհի վրա հսկողություն սահմանել` օգտագործելով գիտության և տեխնիկայի նվաճումները, ներշնչման և մարդկային գիտակցության ու ենթագիտակցության մենաշնորհման ինչ-որ տեխնոլոգիաներ ստեղծելը, քանի որ յուրաքանչյուր մարդ պատկանում է միայն Տեր Աստծուն և Նրա անգին սեփականությունն է: Այդ պատճառով Եկեղեցու տեսանկյունից կենսաբուժության շատ տեխնոլոգիաներ ու փորձառություններ անթույլատրելի են: Նկատի ունենք արհեստական վիժեցումը, մարդու կլոնավորումը, էվթանազիան, սեռի փոփոխումը և այլն:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆԴԵՊ

Մշակույթը հասարակական կյանքի անբաժանելի մասն է: Աստված մարդու մեջ դրել է հսկայական ստեղծագործական ներուժ: Դրանով է բացատրվում ազգերի մշակութային հսկայական ձեռքբերումները և դրանց բազմազանությունը:

Արվեստի լավագույն ստեղծագործություններն ընդունակ են ուղղորդել մարդու միտքը և զգացմունքները հոգևոր բարձրագույն արժեքներին, նպաստել Աստվածորոնմանը:

Հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը բավականաչափ հարուստ է և արժանավայել տեղ է գրավում համաշխարհային մշակույթի գանձարանում:

Այնուամենայնիվ, մշակույթն ինքնին ի զորու չէ արմատախիլ անել մարդու մեղանչական բնույթը և նրան հասցնել հոգևոր վերածննդին: Չնայած մարդու վիթխարի ստեղծագործական ներուժին, հատկապես գեղեցիկի ստեղծման գործում տաղանդավոր և հանճարեղ մարդկանց մեջ դրա ցայտուն դրսևորմանը, նրան զերծ չի պահել թուլություններից և մեղանչականությունից: Այդ պատճառով մշակույթի որոշ երևույթներ (հատկապես ժամանակակից) արտահայտում են այնպիսի արժեքներ և տեսակետներ, որոնք խորթ են քրիստոնեությանը, երբեմն նույնիսկ թշնամական են նրան, ինչը չի կարող չմտահոգել մեզ:

Ժամանակակից շահադիտական արվեստի ջատագովները ստեղծագործական գործընթացն իջեցրել են փեշակի մակարդակի, որտեղ հաջողությունը չափվում է ոչ թե որակով, այլ` շահութաբերությամբ:

Շահեկան գործարքները մշակույթի որոշ գործիչների հասցրել է այն բանին, որ իրենց ընդունակությունը ծառայեցնեն մարդկային ցանկությունների, դաժանության և սարսափի քարոզմանը:

Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք նպաստել արվեստի մեջ քրիստոնեական արժեքների ներթափանցմանը և հաստատմանը: Մենք ողջունում ենք մշակույթի քրիստոնեական գործիչների գործունեությունը` պայմանով, որ դրանք երբեք դուրս չեն գա քրիստոնեական հավատի և բարոյականության շրջանակներից:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Քրիստոնյա անհատի կատարյալ, ներդաշնակ և ինտելեկտուալ զարգացման հարցերում Աստծո և պետության առջև մեր ունեցած պատասխանատվությունը գիտակցելով՝ մենք խրախուսում ենք աշխարհիկ և հոգևոր կրթության բոլոր տեսակների տիրապետումը:

Կրթության բովանդակությունը պետք է միտված լինի մարդկանց, ժողովուրդների, տարբեր ռասայական, ազգային, էթնիկական, կրոնական և սոցիալական խմբերի միջև փոխըմբռնմանն ու համագործակցությանը, հաշվի առնի աշխարհայացքային մոտեցումների տարբերությունները:

Միությունն անթույլատրելի է համարում ուսումնական հաստատություններում բռնության, թշնամության և ատելության, ազգային, սոցիալական ու կրոնական թշնամանքի քարոզչությունը: Անհանդուրժելի է նաև աշխարհիկ կրթական հաստատություններում որևէ կրոնի ներկայացումը որպես միակ ընդունելի կամ միակ ճշմարիտ:

Փաստորեն, մարդկության պատմության մեջ հիմնարար և կիրառական գիտությունների հայտնագործությունների զգալի մասը կատարվել են հոգևոր ծառայողների և հավատացյալ գիտնականների կողմից: Այդուհանդերձ, հետևելով բազմադարյա ավանդությանը՝ Միությունը հարգում է աշխարհիկ դպրոցը և պատրաստ է կառուցել իր փոխհարաբերությունները նրա հետ` ելնելով աշխարհիկ կրթության ազատության ճանաչումից: Միևնույն ժամանակ, Միությունը անընդունելի է համարում սովորողների հանդեպ մտածված կերպով գործադրվող պարտադրանքը՝ ընդունելու հակակրոնական ու հակաքրիստոնեական գաղափարները և աշխարհի հանդեպ մատերիալիստական հայացքների մենաշնորհի պնդումը: Նա նախազգուշացնում է մերժել օկուլտային, նեոհեթանոսական ազդեցությունների վտանգի ներթափանցումը դպրոց: Ուսուցիչները երեխաներին հատուկ կարգապահություն սովորեցնելու հետ մեկտեղ պետք է խրախուսեն նրանցում ճշմարտության, բարոյականության, մերձավորի և հայրենիքի հանդեպ սիրո ձգտումը:

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Քրիստոնեական կրթությունը ՄԻությանն անդամակցող եկեղեցիների անբաժանելի մասն է կազմում: Տեր Հիսուս Քրիստոսը հավատացյալներին մեծ պատվիրան է տվել.

«Ուրեմն գնացե՛ք բոլոր ազգերը աշակերտեցե’ք, մկրտե’ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց, որ այն բոլոր բաները պահեն, ինչ որ ես ձեզ պատվիրեցի: Ահա ամեն օր Ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը» (Մատթ. 28.19, 20):

Պայմանականորեն քրիստոնեական կրթությունը կարելի է բաժանել պաշտոնականի և ոչ պաշտոնականի: Վերջինին են պատկանում եկեղեցական ծառայության տարբեր տեսակները՝ ջրի մկրտության պատրաստությունը, տնային փոքր խմբերը, սեմինարները, տարբեր մակարդակների համաժողովները և այլն:

Քրիստոնեական պաշտոնական կրթությունն իր մեջ ներառում է ուսումնական ծրագրերը, որոնց նպատակն է հոգևոր ծառայողների և շարքային անդամների աստվածաբանական գրագիտության մակարդակի բարձրացումը` համապատասխան վկայականների և դիպլոմների վավերացումներով:

Քրիստոնեական պաշտոնական կրթության ծրագրերը կազմվում են՝ հաշվի առնելով երկրի և համաշխարհային կրթական համակարգի համընդհանուր պահանջները` որոշակի ոլորտում (աստվածաբանություն, հովվական խնամատարություն, երաժշտական ծառայություն և այլն) մասնագիտական պատրաստության բակալավրի և մագիստրոսի աստիճանի շնորհմամբ: Քրիստոնեական պաշտոնական կրթության խնդիրն է յուրաքանչյուր քրիստոնյայի տալ այնպիսի որակավորում, որը նրան թույլ կտա արդյունավետ կերպով գործել Եկեղեցու համար:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԳԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աստվածաշունչը շատ է խոսում մերձավորի նկատմամբ գթության և սիրո մասին՝ «Քո ընկերոջը սիրիր քո անձի պես» (Մատթ. 22.39), «Իմ ընկերն ո՞վ է… Նա, ով ողորմություն արեց» (Ղուկ. 10.29-37), «Քեզանից ուզողին տո՛ւր…» (Մատթ. 5.42): Ճշմարիտ գթությունը ուրիշների նկատմամբ այն շնորհքի տարածումն է, որը մենք ստացել ենք Աստծուց: Քրիստոսը սովորեցնում է, որ մարդը ոչ միայն պետք է ստանա ողորմություն Աստծուց, այլ նաև գթած լինի ուրիշների հանդեպ.

«Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ. 5.7):

Մարդիկ Աստծո աչքերում շատ թանկ են: Քրիստոնյաները կարող են և պետք է լինեն Աստծո սիրո ուղեցույց անձինք` ցուցաբերելով գթասիրություն մարդկանց հանդեպ: Աստված կոչ է անում հավատացյալներին արտահայտել ջերմություն և հոգատարություն, սրտացավություն, աջակցություն և սեր, որոնք այնքան անհրաժեշտ են մարդկանց:

ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

Միության սոցիալական գործունեության ազդեցությունն աճում է հասարակական կյանքի տարբեր տիրույթներում: Համագործակցությանն անդամակցող եկեղեցիները միշտ մեղմացրել են սոցիալական լարվածությունը, նպաստել հասարակությունում խաղաղությանը և համերաշխությանը:

Միությունը գործում է սոցիալական տարբեր ուղղություններում՝

  • մասնակցություն մանկատներում և գիշերօթիկներում երեխաների խնամքի գործին,
  • տկար մարդկանց խնամատարություն,
  • բարոյական աջակցություն կալանավորներին,
  • հոգևոր և նյութական օգնության ցուցաբերում այն մարդկանց, ովքեր ռիսկի խմբերում են:

Միությունը կազմակերպում է սոցիալական հիմնարկությունների տարբեր ձևեր՝ վերականգնողական կենտրոններ, անվճար ճաշարաններ, կիրակնօրյա դպրոցներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերող հաստատություններ:

ՄԻՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

  • Միության հասարակական ծառայությունը, սոցիալական աշխատողների համակարգի և Համագործակցության գործակցությունը երկրի զարգացման գործում.
  • Միության մասնակցությունը քաղաքացիական համերաշխության հաստատման հարցերում.
  • Բնակչության շրջանում կրոնական հանդուրժողականության սերմանում.
  • Կրոնական ուսուցում և դաստիարակություն` անձի մեջ սոցիալական դրական որակների ձևավորման նպատակով.
  • Բարեգործություն.
  • Քաղաքացիական հասարակության բարոյական նորմերի խթանում.
  • Քրիստոնեական և աշխարհիկ սոցիալական հաստատությունների հետ համագործակցություն ինչպես համազգային խնդիրների լուծման, այնպես էլ առանձին անհատների օգնություն ցուցաբերելու համար:

 

ԱՆՁՆԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՅԱՑՔԸ ՄԱՐԴՈՒՆ

Աստված մարդուն (ինչպես տղամարդուն, այնպես էլ կնոջը) ստեղծել է յուրահատուկ` Իր պատկերով և նմանությամբ: Տերը օրհնում է ամուսնական կապը` որպես մարդկության սերնդի շարունակության միջոց (Ծննդ. 1.28): Տղամարդն ու կինը կարիք ունեն միմյանց հետ հարաբերման և փոխլրացման (Ա Թեսաղ. 5.23, Գործք 4.23, Ա Կորնթ. 3.18):

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ

Հռոմեական իրավունքի համաձայն, որն ընկած է ժամանակակից պետություններից շատերի քաղաքացիական իրավունքի հիմքում, ամուսնությունը հանդիսանում է իրենց ընտրության մեջ ազատ տղամարդու և կնոջ համաձայնություն: Միությունը, ճշմարիտ համարելով ամուսնության սույն սահմանումը, միաժամանակ այն իմաստավորում է Սուրբ Գրքի լույսի ներքո:

Քրիստոնյաների համար ամուսնությունը ոչ միայն իրավաբանական պայմանագիր է, սերնդի շարունակության միջոց և բնական պահանջների բավարարում: Ամուսնացող քրիստոնյաները խնդրում են եկեղեցական օրհնությունը և հաղորդություն են ընդունում, որն ամուսնական խորհուրդ կատարելու հնագույն ձև է:

Քրիստոսի Մարմնի անդամներ հանդիսացող ամուսինների հավատքի ընդհանրությունը կազմում է ճշմարիտ քրիստոնեական ամուսնության կարևոր պայմանը: Միայն հավատքի մեջ միաբան եղող ընտանիքը կարող է դառնալ տնային եկեղեցի (Հռոմ. 16.4, Փիլիպ. 1.2), որտեղ ամուսինն ու կինը երեխաների հետ միասին աճում են Աստծո ճանաչելիության մեջ: Միակարծիքության բացակայությունը լուրջ վտանգ է ամուսնական միության ամբողջականության համար: Հենց այդ պատճառով է Համագործակցությունն իր պարտքը համարում` հավատացյալներին կոչ անել` ամուսնանալու միայն Տիրոջ մեջ (Ա Կոր. 7.39), այսինքն` նրանց հետ, ովքեր կիսում են իրենց քրիստոնեական համոզմունքները:

Միությունը պնդում է ամուսինների ցմահ հավատարմությունը և ամուսնությունը չբաժանելը` հիմնվելով Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերի վրա.

«… Այն, որ Աստված միավորեց, մարդը թող չքանդի… Ով որ առանց պոռնկության պատճառի իր կնոջը արձակի և ուրիշին առնի, շնություն կանի: Եվ ով որ արձակվածին առնի, շնություն կանի» (Մատթ. 19.6-9):

Միությունը դատապարտում է ամուսնալուծությունը որպես մեղք, քանի որ դա բերում է ծանր տառապանքներ և’ ամուսիններին, և’ հատկապես երեխաներին: Ժամանակակից հասարակությունում ամուսնությունների զգալի մասը բաժանվում է, հատկապես երիտասարդների շրջանում: Կատարվածը միանգամայն ողբերգություն է դառնում տվյալ անհատների և ողջ ազգի համար:

Աստվածաշունչն ապահարզանի համար թույլ է տալիս միայն երկու հիմք՝

  • պոռնկությունը, որը պղծում է ամուսնության սրբությունը և քանդում է ամուսնական հավատարմության կապերը, 
  • անհավատ կողմի բաժանվելու ցանկությունը (Ա Կորնթ. 7.15):

Միությունը իր խնդիրն է տեսնում նրանում, որ ունեցած բոլոր հնարավորություններով պահպանի ամուսնության ամբողջականությունը և կանխի բաժանությունը: Հոգևոր սպասավորները նույնպես կանչված են զրույցներ անցկացնելու ամուսնանալ ցանկացողների հետ` բացատրելով նրանց որոշվող քայլի ողջ նշանակությունն ու պատասխանատվությունը:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԵՐԸ

Ընտանեկան փորձը մարդուն օգնում է հաղթահարել եսասիրությունը և առողջ քաղաքացիության հիմքեր է գցում: Հատկապես ընտանիքում են ձևավորվում ճիշտ հարաբերությունները մտերիմների, որն էլ նշանակում է ընդհանուր առմամբ հասարակության հետ: Անհատականության ձևավորման գործում ընտանիքի դերը բացառիկ է, դրան չեն կարող փոխարինել սոցիալական այլ համակարգերը:

Ժամանակակից հասարակության համար լուրջ խնդիր է դարձել որբությունը կենդանի ծնողների առկայությամբ: Մանկատները համալրող, իսկ երբեմն էլ ուղղակի փողոցում հայտնվող լքված երեխաները հասարակության խորին հիվանդության կենդանի վկայությունն են: Այդպիսի երեխաներին հոգևոր, սոցիալական և նյութական օգնություն ցուցաբերելով՝ Միությունը միևնույն ժամանակ ուղղում է իր ջանքերը ընտանիքի ամրապնդման, ծնողների կողմից իրենց առաքելությունը կատարելու վրա, ինչը հնարավորություն կտա կանխել լքված երեխայի ողբերգությունը:

Նախաքրիստոնեական աշխարհում գոյություն ուներ ընկալում, որ կինը տղամարդու համեմատ ավելի ցածր դիրքում է գտնվում: Քրիստոսի Եկեղեցին ամբողջությամբ բացահայտել է կնոջ արժանապատվությունն ու բարձր կոչումը: Եկեղեցում կինը ակտիվ մասնակցություն ունի կազմակերպչական, արտաեկեղեցական քարոզչական, դաստիարակչական, միսիոներական, բարեգործական աշխատանքներում:

Բարձր գանահատելով կանանց դերը և ողջունելով նրանց քաղաքական, մշակութային և սոցիալական իրավահավասարությունը տղամարդկանց հետ` Համագործակցությունը միաժամանակ չի արդարացնում կնոջ՝ որպես ամուսնուհու և մոր դերի ցածրացման միտումը:

Տղամարդն ու կինը Աստծո և հասարակության առջև հավասար են իրենց արժեքավորմամբ, բայց դա չի վերացնում նրանց բնական տարբերությունը և չի դարձնում նրանց կոչումը միանման ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակությունում: Միությունը կնոջ կոչումը տեսնում է ոչ թե տղամարդուն ուղղակի նմանվելու և նրա հետ մրցակցելու, այլ Տիրոջ կողմից կնոջը տրված կարողությունների զարգացման մեջ:

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Միությունը կոչ է անում բարոյական մաքրության: Սեռական սանձարձակություններն անխուսափելիորեն քայքայում են մարդու կյանքը` ծանր հարված հասցնելով նրա հոգեկան և ֆիզիկական առողջությանը: Առևտրային, սեռական կամ այլ նպատակներ հետապնդող սեռական հակումների շահագործում հանդիսացող պոռնոգրաֆիան նպաստում է հոգևոր և բարոյական անկմանը՝ դրանով իսկ մարդուն իջեցնելով մինչև անասնական մակարդակի, որն առաջնորդվում է միայն բնազդով:

Հասարակական արատների քարոզչությունը հատկապես վնաս է հասցնում երեխաների և դեռահասների չհաստատված հոգիներին: Միությունը կոչ է անում հավատացյալներին համագործակցել բոլոր բարոյապես առողջ ուժերի հետ և ընդդիմանալ այդ սատանայական գայթակղության տարածմանը, որը քայքայում է ընտանիքներն ու կործանում հասարակության հիմքերը:

«Ով կնոջը կնայի նրան ցանկանալու համար, արդեն նա իր սրտի մեջ շնություն արեց նրա հետ» (Մատթ. 5.28):

«Ցանկությունը հղանալով մեղք է ծնում, և մեղքը, որ կատարվի, մահ կծնի» (Հակ. 1.15):

«Պոռնիկները… Աստծո Արքայությունը չեն ժառանգի» (Ա Կորնթ. 6.9, 10):

Միությունը ամենևին էլ կոչ չի անում զզվել մարմնից կամ սեռական մերձեցումից որպես այդպիսին: Աստված օրհնում է սեռական հարաբերությունները ամուսինների միջև, որտեղ դրանք դառնում են սիրո և կնոջ ու տղամարդու միաբանության արտահայտում, մարդկային սերնդի շարունակության աղբյուր:

Միությունն անփոփոխ կերպով դատապարտում է պոռնկությունը և, այսպես կոչված, ազատ սիրո քարոզչությունը, որոնք տղամարդու և կնոջ միջև մաքուր հարաբերությունները, ինչպես նաև հենց մարդկային մարմինը վերածում են ստոր շահագործման և առևտրի, եսասիրական ու պիղծ բավարարության առարկա:

Գիտակցելով, որ դպրոցը ընտանիքի հետ մեկտեղ պետք է երեխաներին և դեռահասներին որոշակի գիտելիքներ տա սեռերի հարաբերությունների և մարդու մարմնական բնության մասին, Համագործակցությունը չի կարող աջակցել «սեռական լուսաբանության» այն ծրագրերը, որոնք նորմ են ընդունում արտամուսնական կապերը, առավել ևս՝ տարբեր այլասերությունները: Միանգամայն անընդունելի է աշակերտներին նման ծրագրով ուսման պարտադրումը: Դպրոցը կանչված է դիմակայելու արատին, դաստիարակելու բարոյական անձ, որը պատրաստ կլինի կառուցելու հավատարմության և մաքրության վրա հիմնված ամուր ընտանիք:

 

ԱՆՁԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ ԱՆՁԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Աստվածաշունչը մարդուն սովորեցնում է հոգ տանել իր առողջության մասին, ինչպես հոգևոր, այնպես էլ հոգեկան և ֆիզիկական:

«Այսուհետեւ միայն ջուր չ՛խմես , այլ մի քիչ գինի գործածիր քո ստամոքսի եւ քո շուտ շուտ տկարանալու համար։» (Ա Տիմոթեոս. 5։23):

Տեր Հիսուս Քրիստոսը բժշկում էր մարդկանց ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական հիվանդություններից: Ավետարանի քարոզչությանը միշտ ուղեկցել են բժշկությունները` որպես Տիրոջ` մեղքեր ներելու իշխանության նշան: Առաքյալները նույնպես բժշկության ծառայություններ էին ունենում Սուրբ Հոգու զորությամբ: Իր Աստվածային Հիմնադրի կողմից Սուրբ Հոգու պարգևների լիությամբ օժտված Եկեղեցին եղել և մնում է բժշկարար համայնք:

Միությունը խիստ կարևորում է աստվածային բժշկությունը, որի հիմքում ընկած է սիրո ծառայությունը` ուղղված մարդկային տանջանքների կանխմանն ու թեթևացմանը: Մարդկային ախտերի բժշկությունը դիտարկվում է որպես մարդու վերաբերյալ Աստծո ծրագրի իրականացում.

«Եվ Ինքը` խաղաղության Աստվածը, ձեզ բոլորովին սուրբ անի ու ձեր հոգին և շունչը ու մարմինը անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ժամանակը» (Ա Թեսաղ. 5.23):

Միևնույն ժամանակ, կախարդություններից և մոգական այլ գործողություններից ու սնահավատությունից հարկավոր է տարբերել Սուրբ Հոգու բժշկող զորությունը, որը գործում է միակ Տեր Հիսուս Քրիստոսին հավատալով` եկեղեցական խորհուրդներին մասնակցելու և աղոթելու միջոցով:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Միությունն անհրաժեշտ է համարում բժշկական ուսումնական հաստատությունների դասախոսների և ուսանողների ծանոթացումը քրիստոնեական հիմնարար վարդապետությանը: Միության գործունեությունն ուղղված է Աստծո Խոսքի հռչակմանը և Սուրբ Հոգու շնորհքի ուսուցմանը հիվանդներին և նրանց խնամողներին, որն առողջապահության բնագավառում իրենից ներկայացնում է ընդամենը խնամատարություն: Միությունն օրհնում և նպաստում է եկեղեցական հիվանդանոցների ստեղծմանը, որտեղ բուժման և վերականգնման բոլոր փուլերի բուժօգնությունն իր մեջ կհամատեղի բժշկական և հովվական խնամատարությունը:

Բժշկի և հիվանդի փոխհարաբերությունները պետք է կառուցված լինեն անձի ազատ ընտրության և արժանապատվության հարգման վրա: Բժիշկը պետք է պատասխանատվություն կրի հիվանդի համար, ցուցաբերի որակյալ բժշկական օգնություն` անկախ նյութական վարձատրության առկայությունից և դրա չափից` իր մասնագիտությունը չվերածելով հարստանալու աղբյուրի: Միաժամանակ հասարակության և պետության կարևորագույն խնդիրն է` բուժաշխատողների աշխատանքն ապահովել արժանի վարձատրությամբ:

Եկեղեցին զգուշացնում է օկուլտային մեթոդների ներդրման վտանգի մասին, որը թաքնված է «այլընտրանքային բժշկության» ներքո. այն մարդկանց կամքն ու գիտակցությունը ենթարկում է դիվային ուժերի ազդեցությանը: Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իրավունք և իրական հնարավորություն` հրաժարվելու նմանօրինակ բժշկական միջամտություններից:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՆԴԵՊ

Անձի և ժողովրդի առողջության պահպանման համար կարևոր են նախապահպանական միջոցառումները, ֆիզկուլտուրան և սպորտը: Փորձը ցույց է տալիս, որ առողջության պահպանման և ամրապնդման համար պրոֆիլակտիկ գործունեության մեջ ֆիզկուլտուրայի և սպորտի միջոցների արդյունավետությունը շատ բարձր է թմրամոլության, ալկոհոլիզմի, ծխամոլության և հանցավորության դեմ պայքարում՝ հատկապես երիտասարդների շրջանում:

Ֆիզիկական կուլտուրայի և զանգվածային սպորտի քարոզչության կարևորագույն խնդիրներից է դրանցում մարդասիրության ուժեղացումը: Չպետք է խրախուսվի այն մարզաձևը և ֆիզիկական վարժանքը, որը կապված է կյանքի և առողջության վտանգի հետ, իր հիմքում ունի օկուլտային մեթոդների կիրառում, այսպես կոչված, բիոէներգետիկ դաշտերի ազդեցություն, և որը ձևավորում է բռնության և դաժանության պաշտամունք: Համագործակցությունը չի ընդունում սպորտի մեջ առողջության համար քայքայիչ դոպինգային մանիպուլյացիաները և հաշմանդամության պատճառումը:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,
ԱԼԿՈՀՈԼԻԶՄԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Միությունը հոգեկան հիվանդությունները դիտարկում է որպես մարդկային էության հոգևոր վնասման ընդհանուր դրսևորումներից մեկը: Հոգեկան հիվանդությունները ներքին` էնդոգեն գործոնների (ժառանգական նախատրամադրվածություն) և արտաքին գործոնների ազդեցությունն է կենտրոնական նյարդային համակարգի (գանգուղեղային, հոգեկան տրավմաներ), ինչպես նաև ամբողջ օրգանիզմի վրա, կա’մ դիվային ազդեցության, կա’մ մարդուն գերող կրքերի արդյունք են: Այդ պատճառով ճիշտ չէ բոլոր հոգեկան հիվանդությունները վերագրել դիվահարության, ինչպես նաև փորձել հոգևոր հիվանդությունները բուժել միանգամայն բժշկական մեթոդներով:

Հոգեբուժության ոլորտում առավել պտղաբեր է հանդիսանում հովվական և բժշկական օգնության համատեղումը` հոգեկան հիվանդների վրա բժշկի և հոգևոր սպասավորի որոշակի սահմանափակ իրավասություններով:

Հոգեկան հվանդությունը մարդու արժանապատվությունը չի նվազեցնում: Նա շարունակում է մնալ Աստծո պատկերը կրող և կարիք ունի սրտացավության ու օգնության: Բժշկական միջամտության ձև ընտրելիս հարկավոր է առաջնորդվել հիվանդի ազատության ամենաքիչ սահմանափակման սկզբունքով:

Միությունը խստորեն դատապարտում է արբեցողությունը, որը հաճախ դառնում է ընտանիքի կործանման պատճառ, անթիվ տանջանքներ է պատճառում ինչպես այդ մեղսալի հիվանդության զոհին, այնպես էլ մտերիմներին՝ հատկապես երեխաներին:

Առավել կործանիչ կիրք է թմրամոլությունը: Ընկնելով թմրադեղերից կախման մեջ՝ մարդը խիստ խոցելի է դառնում չար ուժերի ներգործության համար: Թմրամոլության ավելի շատ հակված է երիտասարդությունը, ում դրդում են վարքի այն կարծրատիպերը, որոնք թմրանյութերի օգտագործումը համարում են «սովորական» և նույնիսկ շփման համար պարտադիր հատկանիշ:

Արբեցողության և թմրամոլության պատրանքների գիրկն ընկնելու մեր ժամանակակիցներից շատերի հիմնական պատճառը հոգևոր դատարկությունն է, կյանքի իմաստի կորուստը, բարոյական կողմնորոշման աղավաղումը: Թմրամոլությունն ու արբեցողությունը դառնում են ողջ հասարակության հոգևոր հիվանդության արտահայտումը: Դա սպառողականության, անհոգևորության և ճշմարիտ իդեալների կորստի վարձքն է:

Միությունը սրտացավորեն է վերաբերվում արբեցողության և թմրամոլության զոհերին և նրանց առաջարկում է հոգևոր, պրոֆիլակտիկ ու վերականգնողական բնույթի աջակցություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում միջամտում է ցուցաբերելու հատուկ բժշկական օգնություն` կործանիչ կապվածությունը հաղթահարելու գործում:

 

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ,
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Մենք մեր երկրի բնակչության շրջանում խրախուսում ենք այն համոզմունքը, որ յուրաքանչյուր ոք պետք է կատարի իր պարտքը հայրենիքի առջև, այդ թվում նաև ծառայելով ՀՀ Զինված ուժերում:

ՊԱՏԵՐԱԶՄ

Մեղանչումից հետո մարդկության ողջ պատմությունը պատերազմների պատմություն է (Մատթ. 24.6,7, Հայտն. 6.4): Սակայն Եկեղեցին պատերազմը չի համարում մարդկության բնական վիճակ:

Ռազմատեխնիկական հեղափոխության ժամանակաշրջանը հանգեցրեց մի ակնթարթում երկրի վրա եղած ողջ կենդանության վերացման հնարավորություն ունեցող զենքի ստեղծմանը: Սակայն այս ժամանակաշրջանում ապրող մարդիկ իրավունք չունեն որոշելու մոլորակի ճակատագիրը Նրա փոխարեն, Ով այն ստեղծել է: Իհարկե, այսպես կոչված, լոկալ պատերազմները մեր կյանքի դաժան իրականությունն են: Սակայն տարբեր հարանվանությունների քրիստոնյաները միշտ ակտիվորեն համագործակցել և համագործակցում են խաղաղարար գործընթացներում:

Միջազգային հարաբերությունների ոլորտում ժողովուրդների և կառավարությունների վարքագծի վերաբերյալ քրիստոնեական կատարելատիպը սահմանված է «ոսկե կանոնով».

«Ինչ որ կուզեք, որ մարդիկ ձեզ անեն, դուք էլ նրանց այդպես արեք» (Մատթ. 7.12):

Պատերազմի (լոկալ ռազմական հակամարտության) բնույթի հանդեպ Միության վերաբերմուքը, այն խրախուսելը կամ դատապարտելը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ենթակա է առանձին դիտարկման: Միությունը չի արգելում իր անդամներին մասնակցելու ռազմական գործողություններին, այդ թվում նաև սահմանադրական կարգի պահպանմանը (Հռոմ. 13.1, Ա Պետր. 2.13): Մենք խորին հարգանքով ենք վերաբերվում հայրենիքի պաշտպաններին, ովքեր զոհել կամ պատրաստ են զոհել իրենց կյանքը համերկրացիների համար (Հովհ. 15.13):

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Շրջապատող աշխարհն արարված է բոլոր կենդանությունը Ստեղծողի` Աստծո կողմից (Գործք 17.24): Նա երկիրը կատարյալ է ստեղծել (Ծննդ. 2.31): Որպես արարչագործության պսակ` Աստված ստեղծեց մարդուն և նրան կարգեց Իր ստեղծած ամեն ինչը կառավարելու համար (Ծննդ. 1.26, Սաղմ. 8.6): Սակայն մարդը մեղանչեց և զրկվեց Աստծո շնորհքից:

Ադամի մեղք գործելու պատճառով ողջ մարդկությունը հայտնվեց մեղքի իշխանության տակ (Ա Հովհ. 5.19, Հռոմ. 5.12): Կործանվող մարդկությանը փրկելու նպատակով Աստված աշխարհ ուղարկեց Իր Որդուն` Հիսուսին, Ով, մարդկանց մեղքերի համար մահանալով խաչի վրա, վերականգնեց մարդու կորսված կապը Աստծո հետ (Հովհ. 3.16): Դրանում է կայանում աստվածաշնչյան հայացքը խաղաղությանը:

Միությունը խաղաղությունը համարում է նաև մարդու ներքին վիճակ` որպես Աստծո սիրո պարգև: Բոլոր քրիստոնյաների համար խաղաղությունն օրհնություն է Աստծուց (Հովհ. 14.27, Գաղ. 5.22): Չնայած համատարած պատերազմներին, տարերային աղետներին, տեխնածին վթարներին` հավատացյալ մարդու սրտում խաղաղություն է տիրում (Հովհ. 16.33): Քրիստոսի խաղաղությունն ազատություն է մեղքից (Հռոմ. 15.13) և կյանք` Աստծո հետ համաձայնությամբ (Հռոմ. 5.1): Աստված ցանկանում է, որ Իր զավակները տանեն Քրիստոսի խաղաղությունը և Ավետարանի լույսը կործանվող մարդկությանը, որը տանջվում է միջէթնիկական, քաղաքական և սոցիալական ցնցումներից (Մատթ. 5.9):

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աստված սահմանել է պետական համակարգը Իր փառքի և համընդհանուր բարօրության համար (Առակ. 8.15,16): Մենք` որպես քաղաքացիներ, պարտավոր ենք բարեխղճորեն կատարել մեր պարտականությունները, որոնցից է պետության կողմից սահմանված զինվորական ծառայությունը` զորակոչմամբ կամ պայմանագրային հիմունքով (Ղուկ. 3.14, Մատթ. 8.9,10):

Հոգ տանելով բանակի հոգևոր նկարագրի մասին և ձգտելով չկտրել հոգևոր կապը Միությանն անդամակցող եկեղեցիների զինակոչված անդամների հետ` մենք ընդունում ենք Հայաստանի Զինված ուժերի (այդ թվում նաև իրենց կազմում զինված ստորաբաժանումներ ունեցող գերատեսչությունների) հետ եկեղեցիների համագործակցության անհրաժեշտությունը:

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԻԺ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Յուրաքանչյուր մարդ պետք է լինի իր պետության օրինապահ քաղաքացին:

«Ամեն մարդ իր վրա եղած իշխանություններին թող հնազանդվի» (Հռոմ. 13.1):

Միությունը պետության օրենքների խախտումն է: Հանցագործությունները մարդկային մեղքի հետևանքներ են: Մեղքը մարդու սրտում և հոգում կատարվող խորը ընթացքն է, և ոչ միայն պետության կողմից սահմանված բարոյական նորմերի կամ քրեական օրենսգրքի հոդվածների խախտումը:

«Որովհետև սրտից են ելնում չար խորհուրդները, սպանությունները, շնությունները, պոռնկությունները, գողությունները, սուտ վկայություններն ու հայհոյությունները: Սրանք են, որ պղծում են մարդուն» (Մատթ. 15.19):

Հանցագործության աճին նաև նպաստում են օրենսդրության անկատարությունը, տնտեսական և սոցիալական թույլ բազան:

Պետությունում հանցավորության դեմ պայքարի համար ստեղծված են իրավապահ մարմիններ և հատուկ հաստատություններ, որոնց նպատակն է հանցագործությունների կանխումը և հետախուզումը, ինչպես նաև հանցագործություն կատարող անձանց պատժելն ու վերադաստիարակելը: Հանցագործությունների նվազեցման ուղղված ջանքերը ոչ միայն պետության այլ նաև միության խնդիրն է հանդիսանում իր ուրույն գործունեությամբ ։

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Միությունը կանխելու հարցում Համագործակցությունը նախ և առաջ տեսնում է ազգի հոգևոր վերածնունդը, հոգևոր արժեքների պատվաստումը, հոգևոր-բարոյական դաստիարակությունը և լուսաբանումը: Դրա համար հարկավոր է ստեղծել քրիստոնեական ուսումնական հաստատություններ` պետական ուսումնական հաստատությունների հետ համատեղ պտղաբեր համագործակցությամբ: Անհրաժեշտ է նաև ստեղծել քրիստոնեական զանգվածային լրատվության միջոցներ: Հարկավոր է համագործակցել պետության հետ հանցագործության կանխարգելման հարցերի շուրջ: Վախի, բռնության և պատժի ոչ մի միջոց ի զորու չէ արմատախիլ անել չարությունը մարդու սրտից: Հենց այդ պատճառով էլ Ավետարանի քարոզչությունը, ազնիվ և արժանապատիվ կյանք վարելը հանդիսանում են օրինազանցության կանխման գործուն ձևը:

Ավետարանական հավատքի քրիստոնյաները հատուկ ուշադրություն են դարձնում, այսպես կոչված, ռիսկի խմբերին` թմրամոլներին, անտուններին, խնամազուրկ երեխաներին և այլն, որոնց շրջանում է առավել հնարավոր հանցագործության առաջացումը: Համագործակցության կողմից ստեղծվող վերականգնողական կենտրոնների գործունեությունը նույնպես պետք է ուղղված լինի հանցավորության սոցիալական պատճառները հաղթահարելուն: Ավետարանական հավատքի քրիստոնյաները դրանում մեծ փորձ ունեն և պատրաստ են այդ ուղղությամբ համագործակցել պետական համակարգերի հետ:

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՊԱՏԺԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Կատարված հանցանքը ենթադրում է արժանի և արդարացի պատիժ: Միությունը պնդում է այն, որ հետաքննության ենթակա անձանց իրավունքները չպետք է խախտվեն, նրանց անհրաժեշտ է երաշխավորել պաշտպանություն և անկաշառ դատավարություն: Համագործակցությունը դատապարտում է հետաքննության ենթակա անձանց հանդեպ ճնշման փորձերը, ինչպես նաև ստորացումն ու կտտանքները, ինչ եղանակով էլ դրանք իրագործվեն:

Հանցագործին կալանքի տակ վերցնելը ենթադրում է ոչ միայն նրան մեկուսացնելը հասարակությունից, այլ նաև նրան ուղղելը: Ազատազրկման վայրերում գտնվող անձանց վերադաստիարակման գործում պետական մարմիններին էապես կարող է աջակցել հենց Համագործակցությունը: Դատապարտյալներն Աստծո Խոսքը լսելու և Նրա սերը զգալու ուրիշ հնարավորություն չունեն, եթե ոչ հոգևոր ծառայողի միջոցով: Այդ նպատակով մենք մշտապես պատրաստ ենք համագործակցել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հետ: Անընդմեջ եկեղեցական ծառայությունները, դատապարտյալներին իրենց մեկուսացման պատճառների և Աստծուն հավատալու միջոցով առողջ ապրելակերպին դառնալու ճանապարհների բացատրությունը, հոգևոր գրականության տարածումը, նրանց հետ նամակագրությունը և նմանատիպ գործերը Ավետարանական հավատքի քրիստոնյաները համարում են նաև իրենց հոգսը, որի նպատակն է սայթաքած մարդու մտածելակերպի նորոգումն ու նրա բարոյական առողջացումը:

Ազատազրկման վայրերում առավել արդյունավետ աշխատանքի համար հարկավոր է հոգևոր սպասավորների հատուկ նախապատրաստությունն ու նրանց ամրակայումը յուրաքանչյուր ուղղիչ հաստատությունում:

Միությունն իր խնդիրը տեսնում է նաև ազատազրկման վայրերում գտնվող անձանց կենսապայմանների բարելավման գործում պետությանը սատարելու մեջ:

Իրավապահը պարտավոր է ապահով կերպով պաշտպանել քաղաքացիներին հանցավոր ոտնձգություններից և ամուր պատնեշ դնել հանցագործի ճանապարհին: Հանցագործը պետք է իմանա, որ յուրաքանչյուր հանցանքին անխուսափելիորեն հետևելու են համարժեք պատժամիջոցներ:

Ցավոք, ազատազրկման վայրերում գտնվելու ընթացքում շատ քաղաքացիներ կորցնում են իրենց սոցիալական արմատները, իրենց ընտանիքը: Այդպիսի անձանց վերականգնումը հնարավոր է Միության կողմից ստեղծվող վերականգնողական կենտրոններում:

ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Միությունը ձգտում է ցուցաբերել հատուկ հոգածություն պետությունում հանցավորության կանխարգելման հարցում (Ա Հովհ. 5.18):

Հարգելով խնամատարների, իրավապահ մարմինների աշխատակիցների, արդարադատության նախարարության մասնագետների աշխատանքը՝ Համագործակցությունը պատրաստ է փոխգործակցել նրանց հետ և օգտակար լինել նրանց: Այդպիսի օժանդակությունը կարող է իրագործվել տարաբնույթ համատեղ նախագծերում, ինչպիսիք են՝ վերականգնողական կենտրոնների ստեղծումը, գիտամշակութային միջոցառումների կազմակերպումը, նաև գրականության ու արվեստի դերակատարությունը: Քրիստոնեության հիմնական առաքելությունն Աստծո Արքայության Ավետարանի քարոզչությունն է աշխարհում (Մարկ. 16.15):

Փոխգործակցությունն իրավապահ մարմինների, արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի հետ կարող է կառուցվել համատեղ երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա:

Միայն եկեղեցիների և պետության միասնական ջանքերը կօգնեն շատ մարդկանց՝ թողնելու հանցավոր ուղին և վերադառնալու լիարժեք կյանքի հանուն Հայաստանի բարօրության:

 

ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Միությունը հարգանքով է վերաբերվում լրագրողների աշխատանքին, ովքեր կանչված են հասարակության լայն շերտերին ապահովելու յուրաժամանակ տեղեկատվությամբ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին:

Հեռուստադիտողին, ունկնդրին, ընթերցողին իրազեկելը պետք է հիմնված լինի ոչ միայն ճշմարտության նկատմամբ անխախտ հավատարմության, այլ նաև անհատի և հասարակության բարոյական վիճակի մասին հոգածության վրա, որն իր մեջ ներառում է դրական իդեալների մատուցումը, ինչպես նաև չարիքի, մեղքի և արատի տարածման դեմ պայքարը:

ԶԼՄ-ները հանդիսանում են ոչ միայն տեղեկատվության աղբյուր, այլև` հասարակական գիտակցության, անձի բարոյական և աշխարհայացքային համոզմունքների ձևավորման գործիք: Այդ իսկ պատճառով Համագործակցության համար անհանդուրժելի են ԶԼՄ-ներով բռնության, թշնամության, ատելության, ազգային, սոցիալական և կրոնական խտրականությունների քարոզչությունը, ինչպես նաև մարդկային բնազդների մեղսալի շահագործումը , ստի տարածումը բացահայտ և քողարկված ձևերով :

ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ԵՎ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Միությունը փոխգործակցում է աշխարհիկ ԶԼՄ-ների հետ, որպեսզի Ավետարանի պատգամը հասցնի հասարակության տարբեր խավերին:

«…Միշտ պատրա’ստ եղեք հեզությամբ ու երկյուղածությամբ պատասխան տալու ամենքին, ովքեր ձեր ունեցած հույսի մասին կհարցնեն» (Ա Պետր. 3.15):

Յուրաքանչյուր հոգևոր ծառայող կանչված է արժանի ուշադրությամբ վերաբերվելու աշխարհիկ ԶԼՄ-ների հետ կապերին` հովվական և լուսավորչական գործունեություն իրականացնելու, ինչպես նաև աշխարհիկ հասարակության մեջ եկեղեցական կյանքի և քրիստոնեական մշակույթի տարբեր կողմերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու նպատակով:

ԶԼՄ-ների հետ հարաբերություններում հարկավոր է ցուցաբերել շրջահայացություն և հաշվի առնել կոնկրետ ԶԼՄ-ի դիրքորոշումը հավատքի և եկեղեցիների հանդեպ, ԶԼՄ-ի բարոյական ուղղվածությունը: Քրիստոնյաները կարող են աշխատել աշխարհիկ ԶԼՄ-ում` հասարակությանը մատուցելով նաև քրիստոնեական բարոյականության գաղափարները:

Եկեղեցիների և աշխարհիկ ԶԼՄ-ների համագործակցությունը ենթադրում է փոխադարձ պատասխանատվություն: Լրագրողին տրամադրվող և նրա կողմից լսարանին փոխանցվող տեղեկատվությունը պետք է լինի հավաստի: Հոգևոր ծառայողի՝ ԶԼՄ-ի միջոցով տարածվող տեսակետը պետք է համապատասխանի հասարակական հարցերի վերաբերյալ Միության ուսմունքին և դիրքորոշմանը: Իր հերթին` լրագրողը պետք է անաչառ լուսաբանի Միության գործունեությունը, չխեղաթյուրի հոգևոր ծառայողների կողմից տրամադրվող տեղեկատվությունը, ինչպես նաև ստույգ ներկայացնի Միության սկզբունքային մոտեցումները բարձրացված հարցերին:

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Միության և աշխարհիկ ԶԼՄ-ների փոխհարաբերությունների ընթացքում կարող են բարդություններ և նույնիսկ լուրջ հակասություններ առաջանալ: Խնդիրները ծնվում են եկեղեցական կյանքի մասին ո’չ ճշգրիտ կամ թյուր տեղեկատվությունից, ո’չ պատշաճ համատեքստում այն հիշատակելուց, հասարակական դիրքորոշումը հեղինակի անձնական մոտեցումով փոխարինելուց: Միաժամանակ Համագործակցության և աշխարհիկ ԶԼՄ-ների միջև կարող են ծագել ավելի խոր սկզբունքային վեճեր: Դա տեղի է ունենում Աստծո անունը անարգելու, սրբապղծության այլ դրսևորումների, եկեղեցական կյանքի վերաբերյալ տեղեկատվության գիտակցված և կանոնավոր խեղաթյուրման, եկեղեցիների և հոգևոր սպասավորների մասին ակնհայտ չարախոսությունների պարագայում: Բոլոր դեպքերում բարդություններն ու հակասությունները պետք է լուծվեն ՀՀ գործող օրենսդրության համաձայն:

 

ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՏԵՍԱՆԿՅՈՒՆԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Միությունը գիտակցում է իր պատասխանատվությունը բնապահպանական խնդիրների հարցում և խորին մտահոգություն է արտահայտում ժամանակակից քաղաքակրթության կողմից հարուցված խնդիրների վերաբերյալ:

Այսօր վնասված են երկրագնդի հողը, ջուրը, օդը, կենդանական և բուսական աշխարհը: Բնական միջավայրի համատարած աղտոտումը արտադրական թափոններով, սխալ բնատնտեսությունը, անտառների և հողային ծածկույթի վերացումը հանգեցնում են կենսաբանական ակտիվության ճնշմանը, կյանքի գենետիկ բազմազանության սահմանափակմանը: Սպառվում են ընդերքի անվերականգնելի հանքային ռեսուրսները, կրճատվում են մաքուր ջրի պաշարները, առաջանում են բազմաթիվ վնասակար նյութեր, որոնք կուտակվում են կենսամթնոլորտում: Էկոլոգիական հավասարակշռությունը խախտված է, մարդկությունը կանգնած է համընդհանուր բնապահպանական աղետի շեմին:

ՄԱՐԴԸ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Մարդու և շրջակա բնության միջև ներդաշնակությունը խախտվել է դեռևս վաղնջական ժամանակներում: Դրա պատճառ է հանդիսացել մարդու մեղանչումը: Մարդու հոգում ծնված մեղքը կործանարար ազդեցություն ունեցավ ոչ միայն նրա, այլ նաև ողջ աշխարհի վրա: Բնության հանդեպ իրենց վերաբերմունքի մեջ մարդիկ սկսեցին ավելի հաճախ ղեկավարվել եսասիրական, սպառողական մղումներով և ամենաթողությամբ:

Միությունը կոչ է անում ավելի լուրջ պատիժ կիրառել բնությանը հասցված վնասների համար, միջազգային լայն համագործակցության հիման վրա միաբանել ուժերը շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ: Բնապահպանական հարցերում Եկեղեցու դիրքորոշման գլխավոր սկզբունքներից մեկը Աստծո կողմից արարված աշխարհի միասնականության և ամբողջականության սկզբունքն է: Բուսական, կենդանական և մարդկային աշխարհը փոխկապակցված են: Բնությունը եսասիրական և անպատասխանատու օգտագործման համար նախատեսված ռեսուրսների շտեմարան չէ, այլ՝ տուն, որտեղ մարդը ոչ թե տեր է, այլ կառավարիչ, ինչպես նաև տաճար, որտեղ նա քահանա է՝ ոչ թե բնությանը, այլ Արարչին ծառայող:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ԿԱՊԸ

Էկոլոգիական խնդիրները, ըստ էության, մարդաբանական բնույթ են կրում. դրանք ծագել են մարդու, այլ ոչ թե բնության կողմից: Այդ պատճառով էլ շրջակա միջավայրի ճգնաժամից առաջացած շատ հարցերի պատասխանները պահվում են մարդու հոգում և ոչ թե տնտեսության, կենսաբանության, տեխնոլոգիաների կամ քաղաքականության ոլորտներում: Բնությունն այլակերպվում կամ կործանվում է ոչ թե ինքն իրեն, այլ մարդու ազդեցության ներքո:

Մարդաբանության և էկոլոգիայի կապը պարզորոշ կերպով բացահայտվում է մեր օրերում, երբ աշխարհը միաժամանակ վերապրում է երկու ճգնաժամ՝ հոգևոր և բնապահպանական: 

Հոգևորապես աղճատվող անձը առաջ է բերում բնության աղճատում, քանզի նա ընդունակ չէ դրական ազդեցություն թողնել աշխարհի վրա:

Մեղքերի մեջ ընկղմված մարդկությանը չեն օգնում և վիթխարի տեխնիկական հնարավորությունները, իսկ երբեմն էլ նույնիսկ վնաս են պատճառում: 

 

ԿԵՆՍԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԷԹԻԿԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Միությունն անխախտ հավատում է, որ մարդը հոգևոր արարած է` ստեղծված Աստծո կողմից և Աստծո համար: Այդ պատճառով մենք գտնում ենք, որ հարկավոր է ուշադրությամբ հետազոտել գիտական հայտնագործությունների բարոյական տեսանկյունները հատկապես այնպիսի ոլորտում, ինչպիսին ժամանակակից կենսաբուժության մեթոդներն են:

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԻԺԵՑՈՒՄ

Մենք կողմնակից ենք մնում քրիստոնեական Եկեղեցու համար ավանդական հանդիսացող մոտեցմանը արհեստական վիժեցմանը՝ որպես Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված անմեղ մարդկային էակի կանխամտածված սպանության (Ծննդ. 1.27):

Աստվածաշունչը որովայնում գտնվող պտուղը բազմաթիվ անգամներ նկարագրում է որպես մարդկային լիարժեք արարած.

«Դու ստեղծեցիր իմ երիկամունքները ու իմ մոր որովայնի մեջ Դու ինձ ծածկեցիր… Քո աչքերն իմ անկատար կազմվածքը տեսան ու անդամներիս բոլորը Քո գրքի մեջ էին գրված, որոնք ժամանակին պիտի կազմվեին, երբ դեռ նրանցից մեկը չկար» (Սաղմ. 139.13-16):

«Չէ՞ որ ինձ որովայնի մեջ ստեղծողը նրանց էլ ստեղծեց: Մեկը չէ՞ մեզ բոլորիս էլ արգանդի մեջ ձևակերպողը» (Հոբ 31.15):

Ելնելով նրանից, որ միայն Աստված է կյանք տալիս, և այդ կյանքը սուրբ է, մենք մերժելի ենք համարում արհեստական վիժեցումը: Ժամանակակից հասարակությունում արհեստական վիժեցումների լայն տարածումն ու արդարացումը մենք դիտարկում ենք որպես մարդկության ապագայի հանդեպ սպառնալիք:

Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ ոչ հազվադեպ դեպքերում կանայք արհեստական վիժեցման են դիմում ծանր կենսական իրավիճակներից ելնելով, որոնք հաճախ երեխայի դաստիարակությունը դարձնում են ոչ լիարժեք կամ անհնարին: Այդ պատճառով մենք գտնում ենք, որ արհեստական վիժեցման քրիստոնեական այլընտրանքը սոցիալական օգնությունն է մորը և մանկանը:

Մենք պնդում ենք, որ բժիշկը պետք է առավելագույն պատասխանատվություն ցուցաբերի մոր և պտղի մոտ հայտնաբերված հիվանդությունների ախտորոշման, բուժման և հետագա ընթացքի ժամանակ, քանի որ հիշյալ փուլերից յուրաքանչյուրում բժշկի կողմից թույլ տրված որևէ սխալ կարող է կնոջը դրդել հղիության ընդհատման: Մեր համոզմամբ` բժիշկը կոչված է մարդուն առողջացնելու, դարձնելու նրա կյանքը երկար, անվտանգ, որակյալ, ոչինչ չխնայելու մահվան գնացողներին փրկելու համար, այլ ոչ թե հանդիսանալ մահվան պատճառ:

Միաժամանակ մենք չենք ընդունում արհեստական վիժեցման դեմ պայքարի արմատական մեթոդները: Աստված սիրով է վերաբերվում բոլոր մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր կողմնակից են մեր կարծիքին հակառակ տեսակետի: Այդ պատճառով հարկավոր է նրանց վերաբերվել սրտացավորեն և միևնույն ժամանակ անել ամեն հնարավորը՝ մեր երկրում մանկածնությունը պաշտպանելու համար:

ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ

Մեր համոզմամբ՝ հատուկ ուշադրություն և գնահատական են պահանջում նաև հակաբեղմնավորիչ միջոցների կիրառմանն առնչվող հարցերը:

Մարդկանց համար Աստծո սկզբնական ծրագիրը տրված է եղել դեռևս Ծննդոց գրքում.

«Աստված օրհնեց նրանց և Աստված նրանց ասաց. «Աճե’ք ու շատացե’ք ու լցրե’ք երկիրը և նրան տիրեք…» (Ծննդ. 1.28):

Մեծ ընտանիքը Աստծո օրհնություն էր համարվում (Սաղմ. 127.3-5): Շատ երկրներում այսպիսի մոտեցումը պահպանվել է մինչ օրս: 

Որոշ քրիստոնյաներ գտնում են, որ սեռական հարաբերությունների նպատակը միայն մարդկային սերնդի շարունակությունն է, ինչի պատճառով էլ չեն օգտագործում ոչ մի հակաբեղմնավորիչ միջոց: Հարգելով այս տեսակետը` մենք չենք համարում այն միակը: Մենք գտնում ենք, որ ամուսինները պատասխանատվություն են կրում Աստծո առջև երեխաների լիարժեք դաստիարակության համար:

Մենք համարում ենք, որ ընտանիքները կարող են ունենալ արդարացված պատճառներ, որպեսզի միառժամանակ հետաձգեն կամ սահմանափակեն երեխաների ծնունդը: Մենք նաև հարգում ենք նրանց, ովքեր որոշում են կայացրել չունենալ երեխաներ, թեպետև չենք դիտում դա որպես նորմ:

Ընտրություն կատարելիս ամուսինները պետք է հասկանան, որ որոշ հակաբեղմնավորիչ միջոցներ փաստացի ունենում են վիժեցնող ազդեցություն` արհեստականորեն ընդհատելով սաղմի կյանքը ամենավաղ փուլերում: Դրանց գործածումը մենք համարում ենք բացարձակապես անընդունելի:

Ընդհանուր առմամբ, մենք այն տեսակետին ենք, որ երեխաները Աստծո պարգևն ու օրհնությունն են: Տերը հոգ է տանում երեխայի համար, երբ նա գտնվում է դեռ մոր արգանդում: Նա ցանկանում է, որ երեխաները ծնվեն և դաստիարակվեն արժանավայել պայմաններում՝ սիրող ծնողների կողմից:

ՄԱՐԴՈՒ ԿԼՈՆԱՎՈՐՈՒՄ

Մարդուն բազմացնելու ցանկացած փորձ, որը դուրս է հավիտենական հոգու և շնչի համար մարմին ստեղծելու Աստծո սկզբնական ծրագրի շրջանակներից, մենք համարում ենք միանգամայն անթույլատրելի: Այդպիսի գործողությունները ոտնձգություններ են Աստծո` որպես Արարչի իրավունքի հանդեպ և հանդիսանում են Նրան նետված անմիջական մարտակոչ: Դրանք զրկում են մարդուն իր յուրահատկությունից` իջեցնելով մինչև փորձարկումների համար նյութ հանդիսացողի մակարդակի:

Մարդու կլոնավորումը ընդունակ է խաթարելու որդեծնության բնական հիմքերը, արյունակցական կապերը, մայրությունն ու հայրությունը: Ոչ պակաս վտանգավոր են կլոնավորման հոգեբանական հետևանքները, ինչպես օրինակ` որպես անձ ինքնանույնացման կորուստը: Չէ՞ որ մարդը Աստծո ստեղծագործություն լինելուց դառնում է ապրող կամ ապրած մարդու մեխանիկական պատճեն:

Նույնիսկ օրգանիզմի մեկուսացված բջիջների և հյուսվածքների կլոնավորումը, թեպետ այն չի հանդիսանում անձի արժանապատվության նսեմացում և որոշ դեպքերում օգտակար է լինում կենսաբանական և բժշկական պրակտիկայում, պետք է իրականացվի նման փորձառությունների էթիկական ասպեկտների հաշվառումով: Յուրաքանչյուր մարդ արարած Աստծո բացառիկ ստեղծագործությունն է (Սաղմ. 139.13-16):

ՕՐԳԱՆՆԵՐԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄ

Մեր օրերում մեկ այլ լայն տարածում գտած փորձառություն է օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումը:

Մահից հետո մարդու մարմինը վերածվում է հողի, ինչից էլ ստեղծված էր (Ծննդ. 3.19): Ապագա կյանքի համար այն հարկավոր չէ: Այդ իսկ պատճառով մահից հետո հյուսվածքների և օրգանների հանձնումը կարող է դառնալ մերձավորի հանդեպ սիրո նշանի արտահայտում, թեպետ այդպիսի գործողությունը չի կարող ընդունվել որպես մարդու պարտականություն:

Հատուկ դեպք է կենդանի դոնորի օրգանների փոխպատվաստումը: Դա կարող է թույլատրելի համարվել միայն ուրիշի կյանքը փրկելու համար կամավոր ինքնազոհողության պարագայում: Այս դեպքում օրգանը հանելու համաձայնությունը դառնում է սրտացավության արտահայտման առավել վառ օրինակ: Սակայն հավանական դոնորը պետք է միանգամայն տեղեկացված լինի իր առողջության համար օրգանի փոխպատվաստման հնարավոր հետևանքների մասին:

Մեր համոզմամբ` օրգանների փոխպատվաստման համար միակ արդարացված դրդապատճառ հանդիսանում են մերձավորի հանդեպ սերն ու սրտացավությունը: Այս գործողության առևտրականացումն արմատապես սխալ է և կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել:

ԷՎԹԱՆԱԶԻԱ

Վերջին ժամանակներում գիտական շրջանակներում և զանգվածային լրատվության միջոցներում ավելի է ակտիվանում քննարկումը անհույս հիվանդների միտումնավոր, այդ թվում նաև սեփական ցանկությամբ մահացության (էվթանազիա) օրինականացումն արդարացնելու մասին:

Մեր համոզմունքն է, որ մարդկային կյանքը Տիրոջ սուրբ պարգևն է, և միայն Նա իրավունք ունի տնօրինելու այն: Մենք դեմ ենք էվթանազիաի: Մարդկային կյանքի հանդեպ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու փոխարեն էվթանազիայի կողմնակիցներն անմիջապես առաջին պլան են մղում դրա սոցիալական «առավելությունը»` սկսած «անարդյունավետ» համաքաղաքացիների հեռացումից մինչև բժշկական «անիմաստ» ծախսերից խուսափումը: Հավատալով, որ գերբնական բժշկությունը հնարավոր է ցանկացած ժամանակ, մենք գտնում ենք, որ անբուժելի հիվանդների համար հարկավոր է աղոթել, ինչպես նաև ուժերի ներածին չափով անել հնարավորը` նրանց ֆիզիկական տանջանքները թեթևացնելու համար:

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԵՌ ՓՈՓՈԽՈՒՄԸ (ՏՐԱՆՍՍԵՔՍՈՒԱԼԻԶՄ)

Աստվածաշունչը համասեռամոլային սեռական կապերը դիտարկում է որպես մարդկային կյանքի համար Աստծո ծրագրի բիրտ աղճատում: Աստված նման վերաբերմունքն անվանում է «պղծություն» (Ղևտ. 20.13) և «անարգ կրքեր» (Հռոմ. 1.26, 27), այդ անողները «Աստծո թագավորությունը չեն ժառանգի» (Ա Կորնթ. 6.9,10):

Ժամանակակից հասարակությունում մենք ավելի հաճախ ենք հանդիպում համասեռամոլության հանդեպ մոտեցմանը` որպես «սեռական բացառիկ կողմնորոշման»: Կարծիքներ են արտահայտվում, որ համասեռամոլությունը պայմանավորված է «անհատական սեռական նախատրամադրվածությամբ»:

Աստվածաշունչը սովորեցնում է, որ սեռական հարաբերությունների միակ նորմալ և բնական ձևն ամուսնական կապի մեջ եղող տղամարդու և կնոջ միջև հարաբերություններն են: Համասեռամոլային ոչ մի կապեր չեն կարող համեմատվել դրա հետ: Մենք դատապարտում ենք մեղսալի չափանիշը որպես նորմա, առավել ևս` որպես պարծենալու առիթ և ընդօրինակման ձև ներկայացնելու փորձը, մենք նաև դատապարտում ենք համասեռամոլության ցանկացած քարոզչություն:

Այս ամենով ակնհայտ պարզ է դառնում մեր դիրքորոշումը սեռի փոփոխման փորձերի վերաբերյալ, որոնք իբրև թե առաջանում են հակառակ սեռին պատկանելու զգացումից: Նման փորձերը հանդիսանում են անհնազանդություն Աստծո սահմանված կարգին և ընդունակ են ավելի շատ խորացնելու մարդու ներքին հոգեկան ճգնաժամը:

© Credo.am 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են