ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Պետական իշխանությունն Աստծուց կարգված հաստատություն է, որի գոյությունն անհրաժեշտություն է` հասարակական անվտագությունը, կարգ ու կանոնը և օրինականությունը պահպանելու, հանցավորությունը կանխելու և կասեցնելու, մարդկանց կյանքի և ունեցվածքի անձեռնմխելիությունը երաշխավորելու, արտաքին թշնամիներից քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու համար, որոնց իրագործման համար պետք է ունենա համապատասխան միջոցներ (Հռոմ. 13.1-4) :
Պետական իշխանության խնդիրն է պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները` անկախ նրա կրոնական հավատամքից, քաղաքական կամ այլ հայացքներից: Մարդու իրավունքներն ու ազատությունները` կյանքի իրավունք, խոսքի, մամուլի, ժողովների ազատություն, մասնավոր կյանքի և բնակարանի անձեռնմխելիություն, սեփականության իրավունք, ընտանեկան իրավունքներ, օրենքի և դատարանի առջև հավասարություն, խղճի և դավանանքի ազատություն և այլն, պետք է երաշխավորվեն ու պաշտպանվեն պետության կողմից:
Հասարակությունում կարգ ու կանոն պահպանելու նպատակով պետական իշխանությունը կատարում է հետևյալ գործառույթները.
- պաշտպանում է անձի իրավունքներն ու ազատությունները,
- հոգ է տանում համընդհանուր բարօրության համար,
- իրագործում է արդարություն (Հռոմ 13.1),
- սատարում է օրինապահ քաղաքացիներին (Հռոմ. 13.3),
- պատժում է հանցագործներին (Հռոմ. 13.2-4),
- պաշտպանում է քաղաքացիներին ներքին և արտաքին թշնամիներից (Հռոմ. 13.4),
- հավաքագրում է հարկեր և մաքսեր (Հռոմ. 13.6): Հարկերի և մաքսերի հավաքագրումը պետք է դիտարկել որպես օրենքով սահմանված անհրաժեշտություն` երկրի տնտեսական բարգավաճման, սոցիալական հիմնահարցերի լուծման և պաշտպանունակության ապահովման համար:
ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
«Ամեն մարդ իր վրա եղած իշխանություններին թող հնազանդվի…» (Հռոմ. 13.1):
Քրիստոնյան, ինչպես նաև հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է հնազանդ լինի իշխանություններին և ապրի իր երկրի օրենքների համաձայն: Քաղաքացիների պարտքն է պետական իշխանություններին հնազանդությունը և նրա կողմից ընդունած օրենքների հարգումը, եթե միայն դրանք ուղղված չեն խղճի և դավանանքի ազատության սահմանափակմանը և չեն դրդում հավատացյալներին գործելու քրիստոնեական բարոյականությանը հակասող արարքներ (Գործք 4.19, 5.29): Պողոս առաքյալը նշում է, որ Հիսուս Քրիստոսին հավատացողները պետք է հնազանդ լինեն պետությանը և չչարախոսեն կառավարությանը (Տիտ. 3.1):
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Համոզմունքը, որ պետությունն Աստծո կողմից հաստատված համակարգ է, բնավ չի նշանակում, որ պետական համակարգի առանձին պաշտոնյան` անկախ նրա աստիճանից, կարող է վարվել իր հայեցողությամբ` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը: Պետական ծառայողը չի կարող օգտագործել իր դիրքը հասարակության շահերին ի վնաս կամ չկատարել իր ստանձնած գործառույթները: Պետական պաշտոնյան, երբ բարեխղճորեն կատարում է օրենքով սահմանված պարտականությունները, դառնում է նաև Աստծո ծառան (Հռոմ. 13.4): Պարտականությունները պարտաճանաչ կատարելու համար պարտադիր չէ, որ պետական ծառայողը լինի քրիստոնյա:
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Այն պարագաներում, երբ պետությունը, ի հակադրություն իր համար կանխորոշված գործունեության դաշտի, ընդունում է օրենքներ, որոնք արգելում են ազատ պաշտամունքները, եկեղեցական արարողությունները, Ավետարանի քարոզությունը կամ ստիպում են հավատացյալներին կատարել Աստծո կամքին և քրիստոնեական բարոյականությանը հակասող քայլեր, սույն Միությունը իրեն և իր անդամներին իրավունք է վերապահում վարվել սեփական խղճմտանքի և ավետարանական համոզմունքների համաձայն (Գործք 4.18,19, 5.28,29):
Եկեղեցու և պետության միջև տարաձայնությունների առաջացման դեպքում ապստամբությունը, խռովությունը, քաղաքացիական անհնազադության ու բռնության կոչերը չեն հանդիսանում խնդրի լուծման Աստծո միջոցները, հետևաբար նաև կիրառելի չեն Միությա համար: Այդպիսի իրադրությունների պարագայում Համագործակցության միջոցներն են՝
- փոխըմբնռման և խաղաղ ելքի փնտրումը (Գործք 4.18),
- Աստծո կամքի վկայակոչումը և քարոզչությունը (Գործք 4.26-29, 5.29-32),
- աղոթքը և ծոմապահությունը (Ա Տիմ. 2.3, Մատթ. 6.16-18):
Եկեղեցին նաև իրավունք ունի օգտագործել Սահմանադրությամբ և պետության գործող օրենսդրությամբ տրված բոլոր միջոցներն ու հնարավորությունները` իր իրավունքների ոտնահարումը կանխելու, ինչպես նաև խախտված իրավունքները վերականգնելու համար:
ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆՋԱՏ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Մենք ընդունում ենք աշխարհիկ պետության մոդելը. Եկեղեցին անջատ է պետությունից, ինչը նշանակում է, որ պետությունն իրավունք չունի միջամտել Եկեղեցու` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, իսկ Եկեղեցին էլ իր հերթին չի միջամտում պետության կառավարման գործերին: Աստվածաշնչում կա մի քանի դեպք, երբ առաքյալները վկայում էին պետական ծառայողներին նրանց հոգիների փրկության անհրաժեշտության մասին, բայց նրանք երբեք չեն թելադրել` ինչպես կառավարել պետությունը (Գործք 26.28; 24.25):
ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
Չնայած Եկեղեցին անջատ է պետությունից, սակայն վերջիններս կարող են հանուն հասարակության բարօրության համագործակցել մի շարք բնագավառներում: Սույն Միության և պետության միջև փոխգործակցության հնարավոր ոլորտներն են`
- հասարակությունում բարոյականության պահպանումը,
- հոգևոր, բարոյական և հայրենասիրական կրթությունն ու դաստիարակությունը,
- գթասիրական և բարեգործական ծրագրերը,
- պետական իշխանության ներկայացուցիչների և Եկեղեցու միջև երկխոսության պահպանումը` որոշակի օրենքների, իրավական ակտերի և որոշումների պատրաստման և ընդունման հարցերի վերաբերյալ,
- կրկնահանցագործության կանխարգելումն ու խնամատարությունն այն անձանց, ովքեր գտնվում են ազատազրկման վայրերում,
- գիտությունը,
- առողջապահությունը,
- շրջակա միջավայրի պահպանությունը,
- տնտեսական գործունեությունը,
- ընտանիքի, մայրության և երեխաների հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործունեությունը,
- միջազգային, միջէթնիկական և քաղաքացիական մակարդակներում բարեգործությունը:
Գոյություն ունեն ոլորտներ, որտեղ Եկեղեցին չի կարող համագործակցել պետական համակարգերի հետ.
- քաղաքական պայքարը, նախընտրական քարոզչությունը, այս կամ այն քաղաքական կուսակցությանը և քաղաքական գործիչներին աջակցելը,
- մասնակցությունը հետախուզական և նմանատիպ այլ գործունեությունում: